կարևոր
2320 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-10 20:52
Քաղաքական

Այսօր միայն մեկ ելք ունենք՝ չհամակերպվել այս իրավիճակի հետ և պայքարել․ Մհեր Մելքոնյան

«Հայաստանի Հանրապետությանը սպառնացող փորձություններն ու մարտահրավերները խիստ խորացել են՝ հատելով բոլոր թույլատրելի և անթույլատրելի կարմիր գծերը»։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Մեր երկրում գոյություն ունեցող  հոգևոր, սոցիալական, մշակութային, անվտանգային  և քաղաքական ճգնաժամը ոչ մի ձևով չի կանգնեցվում իշխանությունների կողմից։

 Հակառակը, այն  աստիճանաբար ավելի է  խորանում և կրում  աղետաբեր բնույթ։

Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների  վարած քաղաքականության հետևանքով այսօր մենք կանգնած ենք  կրիտիկական վտանգի առաջ․ հարցականի տակ է դրված մեր անկախ պետականության լինել չլինելը։

Այս ամենի կողքին այսօր մենք կորցնում ենք  այն, ինչով հպարտանում էինք տարիներ շարունակ․ դա մեր ազգային արժանապատվությունն է։

Ազգային արժանապատվության հարցը ներկայումս ձեռք է բերել հատուկ արդիականություն, որը կապված է գործող իշխանությունների վարած քաղաքականության, թուրք-ադրբեջանական տանդեմի ցեղասպան և հակահայկական  քայլերի  ուժեղացման հետ: Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին և թե՛ արտաքին թշնամիները ցանկացած գնով փորձում են մեր մեջ մարել ազգային արժանապատվության զգացումը:

Մենք հասել ենք մի հանգրվանի, երբ անտեսելով մեր հանրապետության առաջ ծանրացած բոլոր վտանգները, իշխանությունները մեզ համառորեն  տանում են այնտեղ, որտեղ ազգային արժանապատվության տեսանկյունից անդունդ է և դատարկություն :

Ազգային արժանապատվության  ոգին չի տրվում բանավոր նկարագրության, բայց հենց նա է հանդիսանում ազգային գաղափարի անվերապահ սկիզբ ՝ իրենից սահմանելով այն, ինչը կոչվում է ազգային բնույթ՝ հանդիսանալով մեր ժողովրդի էության ամենահիմնարար հենասյունը։

Այսօր  մենք միայն մեկ ելք ունենք՝ չհամակերպվել այս իրավիճակի հետ և պայքարել։

Սա պետք է լինի բոլորիս  ամենօրյա աշխատանքը և վերջնական նպատակը:

Սիրելի՜ հայրենակիցներ,

Մեր անկախ պետականության համար վճռորոշ այս օրերին սերունդները չեն ների մեր չեզոքությունը, լուռ անտարբերությունը և տիրող իրավիճակի հետ համակերպվելը։

Ոչ ոք չի կարող մեր մեջ կոտրել և սպանել մեր ազգային արժանապատվությունը:

Ազգային արժանապատվության զգացումը հզոր և անհաղթելի ուժ է…»,- նշեց նա: