կարևոր
3739 դիտում, 2 ամիս առաջ - 2024-08-30 09:22
Քաղաքական

Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել․ «Հրապարակ»

Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․Օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպանները Դիլիջանում երկօրյա աշխատաժողովից հետո, ինչպեսեւ  գրել էինք, այցելել են Կիրանց, որպեսզի տեսնեն «փառահեղ սահմանազատումը»: Սակայն այցը հարթ չի ընթացել։

Չնայած ԱԳՆ-ն Կիրանցի համայնքապետարանին նախապես չի տեղեկացրել այցի մասին, որոշել են անսպասելի այցելել, որ մարդիկ չիմանան՝ հույս ունենալով, որ կխուսափեն տհաճ միջադեպերից, սակայն մեզ պատմեցին, որ Արարատ Միրզոյանին եւ դիվկորպուսի ներկայացուցիչներին «ըստ արժանվույն» են դիմավորել։ Դեսպանները եղել են սահմանին եւ փոքր-ինչ խորացել են գյուղամեջ։

Չնայած Կիրանցի հյուրերը գյուղ են ժամանել ՆԳՆ մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ, որոնք փորձել են նախապես «մաքրել» նրանց ճանապարհը, սակայն կիրանցեցիներից ոմանք, տեղեկանալով այս ներկայացուցչական այցի մասին, հյուրերին ընդառաջ են գնացել: Դպրոցի ճանապարհին գյուղի բնակիչներից մեկը, որին թույլ չեն տվել մոտենալ դեսպաններին, բղավել է՝ «Փաշօղլուի ստրուկներ», իշխանությունների հասցեին այլ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել։ Մեկ ուրիշն էլ գյուղամիջում է բողոքել։

ԱԳՆ-ն պաշտոնապես հաղորդեց. «ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի եւ արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովը եզրափակվել է Հայաստանի Հանրապետության Կիրանց բնակավայր, մասնավորապես՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահման այցելությամբ: ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար կազմին տեղում ներկայացվել են իրականացված եւ ընթացիկ աշխատանքների մանրամասները»։