կարևոր
7993 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 18:05
Հասարակություն

ԵՊՀ ղեկավար կազմը թաքցրել է աշխատավարձի չափը. որքա՞ն է այն սահմանել հոգաբարձուների խորհուրդը

ԵՊՀ ղեկավար կազմը թաքցրել է աշխատավարձի չափը. որքա՞ն է այն սահմանել հոգաբարձուների խորհուրդը

Օրերս Yerkir.am-ը ներկայացրել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  ղեկավար կազմի ամսական աշխատավարձերի չափը, փաստել, որ նշված խմբի աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմում է 68 միլիոն դրամ, որը շուրջ 3 անգամ ավել է այս տարի համալսարանի առաջին կուրս ընդունված 52 ուսանողների ուսման վճարի ընդհանուր գումարից: Հասարակական շրջանակներում մեծ վրդովմունք առաջացրած պատկերը ստիպեց, որ գրավոր հարցում ուղարկենք՝ պարզելու համար, թե որքա՞ն է կազմում ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը:

Այսօր ԵՊՀ-ից ստացանք գրավոր մերժում: «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանների բացակայության պատճառով չեմ կարող տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը», - նշված է մերժման մեջ: Իսկ հոդվածի դրույթը, որին ցիտել են ԵՊՀ-ից, հետևյալն է. «….աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության….»:  

Այսինքն՝ ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները և աշխատակազմի ղեկավարը գրավոր համաձայնություն չեն տվել, որ իրենց աշխատավարձի չափը տրամադրվի: Զուտ օրենսդրական - իրավական տեսանկյունից կասեն՝ իրավունք ունենք: Իսկ բարոյական տեսանկյունի՞ց: Այդ ինչպե՞ս է, որ ուսուցիչները, դասախոսները, գիտաշխատողները և այլք մշտապես տրտնջում են իրենց աշխատավարձի չափից և ամենուր հայտարարում, թե որքան են ստանում: Իսկ երբ՞ է մարդ սովորաբար գաղտնի պահում իր աշխատավարձի չափը: Դա հիմնականում այն դեպքում է, երբ դա չափազանց բարձր է, և, օրինակ, դրա հանրայնացումը կհանգեցնի հասարակության պարսավանքին կամ, ժողովրդական լեզվով ասված, թուքումուրին:

Ի դեպ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը իշխող ՔՊ կուսակցության վարչության անդամ Սուրեն Պապիկյանն է, իսկ ԵՊՀ հիմնադրամի բյուջեն հաստատվում է հենց այս մարմնի կողմից: Հետաքրքիր է՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած «անկուսակցական», «չեզոք» հոգաբարձուների խորհուրդն այդ ինչքա՞ն աշխատավարձեր է հաստատել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, պրոռեկտորներին ու աշխատակազմի ղեկավարին, որ վերջիններս գերգաղտնի են պահում դրա չափն ու խուսափում հանրայնացնելուց: Հոգաբարձուների խորհդի 20 անդամից 4-ը ներկայացված է ուսանողության կողմից, միգուցե իրե՞նք հայտարարեն, թե որքան աշխատավարձ են հաստատել և քվեարկել ռեկտոր-պրոռեկտորների համար:  

Ի վերջո՝ Փաշինյանի «գերթափանցիկ» իշխանության օրոք ուսանողությունը չիմանա՞, թե իրենց բուհը, որտեղ սովորում ու վճարում են իրենք, որքան աշխատավարձ է բաշխել ռեկտորին ու ղեկավար կազմին:

 

 

Վահե Սարգսյան