Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մենք շարունակում ենք ակտիվ աշխատել։ Երեկ մինչև գիշերվա ժամը 3-ը աշխատել ենք, վաղը, օրինակ, սուրբ Աննա եկեղեցու բակում մեր հերթական հավաքն է լինելու, դրանից հետո 3 օր Սյունքում ենք լինելու։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Տարբեր հանդիպումներ ենք ունենում, կազմակերպչական աշխատանքեր կան, ոլորտային խմբերի հետ ենք հանդիպում, շատ արդյունավետ աշխատանքներ են իրականացվում, որը շարժմանը շատ օգտակար է, էլի բաներ կան, որոնք հանրայնացնելու կարիք չկա։ Բայց մենք ոչ արձակուրդ ենք գնացել, ոչ հանգստանում ենք, ոչ էլ մեր մոտ պասիվ փուլ է»,- ասել է Դանիելյանը՝ ավելացնելով, որ շարժումն ուներ կորիզ, որն ամեն օր միտինգների ու ակցիաների մեջ էր։ Նրանք հիմա փոքր ինչ հանգիստ վիճակի մեջ են, քանի որ Ոսկեպարից, Կիրանցից սկսած՝ այդ մարդիկ օր ու գիշեր աշխատել են։
«Ի տարբերություն մեր ընկերների՝ մենք մեզ դա թույլ չենք տալիս, ու ամեն օր աշխատանքի մեջ ենք, ոչ շաբաթ կա, ոչ կիրակի, ոչ ժամանակային սահմանափակում, ամեն օր աշխատում ենք, ու, ի դեպ, շատ արդյունավետ ենք աշխատում»,- վստահեցրեց Դանիելյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, թե հերթական ընդդիմադիր շարժումն է ձախողվել՝ Դանիելյանն ասաց, որ պետությունը տապալած, կառավարման բոլոր ոլորտները տապալած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդն ամեն օր խոսում է շարժման տապալման մասին։
«Ինքն էլ գիտի, որ կրակել է մարդկանց վրա, անգամ կրակելուց հետո մարդիկ, միևնույն է, չեն ցրվել, դա շատ է իրենց անհանգստացնում։ Եթե հրապարակները լցված չեն՝ չի նշանակում, որ շարժումը տապալվել է։ Արցախյան շարժման տարիներին էլ ամեն օր հրապարակները լցված չեն եղել, այն ժամանակ էլ շաբաթական մեկ անգամ էին հանդիպումներ լինում։ Հիմա շատ կարևոր փուլ ենք մտնում ու արդյունքները երկար սպասել չեն տա։ Բայց, իսկապես, ամեն օր հանրահավաք չի կարող լինել»,- նշել է Դանիելյանը՝ փաստելով, որ սա ազգային ազատագրական պայքար է, չարիք իշխանության դեմ պայքար է։
«Նրանց (Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի- խմբ.) իշխանության լինելը կարող է հաճույք պատճառել միայն Ալիևին ու Էրդողանին, հայ մարդը չի կարող հանգիստ լինել, քանի դեռ իշխանության ղեկին են այս մարդիկ։ Տեսեք, արդեն իրենք էլ չեն բացառում, որ վաղը կարող է էսկալացիա լինել, արդեն իրենք էլ են խոսում այն մասին, որ ժողովուրդ ջան, էնքան էլ խաղաղության դարաշրջան չի լինելու ու էսկալացիան հնարավոր է։ Այսինքն՝ Տավուշում զիջումները Ադրբեջանին չեն կանգնեցնելու։ Մենք էլի ճիշտ ենք դուրս գալիս, իսկ իրենք՝ սխալ։ Հետևապես, նաև մեր պասիվ հայրենակիցները պետք է ակտիվանան, որ վաղը գաղթական չդառնան»,- նկատեց գործիչը։
Հարցին, թե արդյոք ՔՊ-ի պատգամավորների հետ հանդիպումներ, զրույցներ լինում են՝ Դանիելյանը պատասխանեց, որ կան մարդիկ, որոնք հանդիպումներ ու զրույցներ կունենան՝ թե ՔՊ-ական պատգամավորների, թե իշխանության ներկայացուցիչների հետ։ «Իրենց բարեկամներից էլ են գալիս մեր հավաքներին մասնակցում, իրենց ընտանիքի անդամներ կան, որոնք մասնակցում են մեր հավաքներին, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի այդ խոսքերը ուղղված են նաև իր թիմին, թե տեսեք՝ շարժումը տապալված է, հանկարծ չերկմտեք։ Պետք է հասկանանք, որ իրենք իրականում շատ լավ հասկացել են, թե այս շարժում ինչի մասին է, թե ինչ թափ ունի։ Գիտեք, մինչև հիմա տասնյակ մեքենաներ հատուկ պահպանվող տարածքում են, բազմաթիվ անձանց վրա քրեական գործեր են հարուցում, մարդկանց կանչում են ԱԱԾ կամ ոստիկանության բաժանմունքներ։ Սպառնում են, թե աշխատանքից կազատեն։ Այս կարգի ռեպրեսիաներ ոչ մի երկրում չի եղել, Հայաստանը դարձել է Հյուսիսային Կորեա»։
Դիտարկմանը, թե մինչև հունիսի 12-ը ու դրանից մի քանի օր անց էլ լրատվական դաշտում, սոցիալական հարթակներում հիմնական դոմինանտը շարժումն էր, իսկ հիմա դիրքերը զիջել են՝ նա պատասխանեց, որ օրինակ, ինքը մեկ օրվա ընթացքում մի քանի հարցազրույց է տվել։ «Այսօր առավոտն էլի հարցազրույցներով եմ սկսել, դա բավարար չէ՞, կարող եմ մամլո ասուլիս էլ հրավիրել։ Այնքան եմ խոսում, որ ինձնից էլ հոգնել եմ»։
Աղբյուր` Փաստինֆո