կարևոր
3442 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 14:42
Քաղաքական Աշխարհ

ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ․ ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ, Երևանը դուրս չի գալիս կազմակերպությունից, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, գրում է РИА Новости-ին։

«Իրականում ֆինանսավորման կասեցումը ողբերգություն չէ, կազմակերպությունը շարունակում է ապրել։ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից։ Այն շարունակում է աշխատել»,- ասել է Պանկինը «Ռուսաստան-Իսլամական աշխարհ. Կազան ֆորում» միջազգային տնտեսական ֆորումի նիստի ժամանակ։

«Ֆինանսական տեսանկյունից ՀԱՊԿ-ի կյանքում եղել են իրավիճակներ, երբ երկրները փոքր-ինչ ուշացրել են իրենց վճարումները և վճարել դրանք մաս-մաս: Դա ողբերգություն չէ։ Իսկ ահա ռազմաքաղաքական տեսանկյունից Հայաստանի հետագա կուրսը ՀԱՊԿ-ի նկատմամբ կորոշվի ինչպես նրա ազգային շահերով, որոնք նա պետք է լավ ներկայացնի ու հասկանա, այնպես էլ երկրի սեփական անվտանգության ապահովման հնարավորություններով»,-ընդգծել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանը ձեռնպահ կմնա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և դրանով նախատեսված կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց։