կարևոր
5215 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-20 12:47
Քաղաքական

Նախօրոք մեր երեխեքին սպանել են, հետո՝ վառել. ո՞վ որոշեց, որ մեր երեխեքը պետք է չապրեն. զոհվածի մայր

Ծնողը դռնեդուռ է ընկել, որ մի բան իմանա, դեպքից մեկ ամիս անցել է, ի՞նչ գիտենք մեր երեխեքի հետ կապված: Մենք պետք է մեր տներում նստած, բերեն մեզ ասեն՝ սենց ա եղել, ոչ թե ծնողը սուգը թողած գա ընկնի դռնեդուռ: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, ՊՆ-ի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց հունվարի 19-ին Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհից մահացած զինվորներից մեկի՝ Գոռ Մարտիրոսյանի մայրը:

«Ես Գոռի հետ խոսել եմ ամսի 17-ին, ամսի 18-ին տատիկի հետ է խոսել: Ամեն ինչ նորմալ է եղել, իրենք տղերքով շատ լավ են եղել, ոնց որ մի մոր երեխեք լինեն: Չկարողացան 21 հոգու դեմ գնան, մի վնաս տան, դրա համար նախօրոք սպանել են, նոր վառել: Ո՞վ է դրա պատասխանը տալու: Վառողն ով է եղել, թող բացահայտեն, արդար դատաքննություն անեն: Ո՞վ որոշեց, որ մեր երեխեքը պետք է չապրեն: Մենք չենք հավատում, որ մեր երեխքը հրդեհից են մահացել, դա նախօրոք կազմակերպված սպանություն է եղել, նախօրոեք սպանել են, հետո նոր վառել են: Մեր երեխեքը դուրս էին գալու, թեկուզ գլուխ, ոտք վառվելով դուրս էին գալու: Մենք ոչ մի զոհ չէինք ունենալու: Նրանք պատը կծակեին, դուրս կգային»,-ասաց նա: Մեկ այլ ծնող էլ հավելեց. «15 երեխու արյունն իրենք չեն մարսելու: Մենք չենք հավատում, ի՞նչ բերին, մեզ տվի, մոխրացած մարմիննե՞ր: Ամեն վայրկյան սպասում ես, որ հեսա դուռը կբացվի երեխեդ կգա, հեռախոսը կզանգի: Ես հայ մայրերին կոչ եմ անում չթողեք ձեր երեխեքը գնան ծառայելու, որ մեր վիճակում չհայտնվեն»: