կարևոր
5356 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 23:59
Հասարակություն

«Անմահ գունդը» երթ կանցկացնի Երևանում

«Անմահ գունդը» երթ կանցկացնի Երևանում

Մայիսի 9-ին` մեծ հաղթանակի օրը, Երևանում կկայանա «Անմահ գնդի» ավանդական երթը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ՌԴ դեսպանությունը։

«Սուրբ խաչ եկեղեցու (գտնվում է Արաբկիր վարչական շրջանում, – խմբ.) հարակից տարածքից «Անմահ գունդն արտերկրում» պատմամշակութային ՀԿ–ն հիշատակի ավանդական երթ է կազմակերպում դեպի Հաղթանակի զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրի անմար կրակ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երթը մեկնարկելու է ժամը 12։30-ին։ Դեսպանությունը հրավիրել է միասին հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և մասնակցելու հիշատակի երթին։

Հիշեցնենք, որ 1941 թվականի հունիսից մինչև 1945 թվականի մայիսը Խորհրդային բանակ է զորակոչվել շուրջ 600 հազար հայ։ Ընդ որում` Հայաստանից, որի բնակչությունը 1941 թվականի տվյալներով 1,5 միլիոնից պակաս էր, ռազմաճակատ է մեկնել 300 հազար մարդ։

Ավելի քան 200 հազար հայ զոհվել է, նրանցից մոտ 175 հազարը՝ մարտերում։ Պատերազմի տարիներին 106 հայեր դարձել են Խորհրդային Միության հերոսներ, իսկ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը և Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը երկու անգամ են արժանացել այդ բարձրագույն կոչմանը, 27 հայեր դարձել են Փառքի շքանշանի ասպետներ:

Հայաստանում համալրվել և ռազմաճակատ են ուղարկվել վեց ազգային դիվիզիաներ, որոնցից մեկը՝ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան, ազգային կազմավորումներից միակն էր, որ մասնակցել է Բեռլինի գրոհին։