կարևոր
59389 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 15:50
Իրավական

Քրեական գործ է հարուցվել «Նաիրի» ԲԿ-ի 2 բժիշկների նկատմամբ

Քրեական գործ է հարուցվել «Նաիրի» ԲԿ-ի 2 բժիշկների նկատմամբ

Առերեւույթ կաշառք վերցնելու եւ բժշկական անփութության հետեւանքով մարդուն կյանքից զրկելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել  «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար, գինեկոլոգ, ուռուցքաբան Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքի բուժաշխատող Արեգ Ալավերդյանի վերաբերյալ տրված հաղորդման առիթով։ Այս մասին «Yerkir.am»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»,-ասաց Գոռ Աբրահամյանը: 

Օրեր առաջ հայտնել էինք, որ Արտեմ Ստեփանյանի եւ Արեգ Ալավերդյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում էր տվել քաղաքացի Եղիշե Եղյանը՝ հայտնելով, որ «Նաիրի»  բժշկական կենտրոնում սխալ բուժօգնություն ստանալու հետեւանքով մահացել է իր մայրը՝ վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Հաղորդում տալուց մի քանի օր անց Մարիա Եղյանին առերևույթ սխալ բժշկական օգնություն ցուցաբերելու եւ նույն բուժանձնակազմի կողմից 300.000 ՀՀ դրամ գումարին ենթադրաբար ապօրինի տիրանալու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 276-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Եղիշե Եղյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հարցաքննվել է և ճանաչվել տուժող։ «Ա. Ստեփանյանի եւ նրա բուժանձնակազմի կողմից սխալ բուժօգնության եւ ապօրինաբար գումար գանձելու վերաբերյալ հաղորդում է ներկայացրել նաեւ մեկ այլ քաղաքացի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 12-ին 63 տարեկանում արգանդի քաղցկեցից մահացել է Մասիս քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Մարիա Եղյանը։ Հանգուցյալի որդին՝ Եղիշե Եղյանը, Yerkir.am-ին հայտնել էր, որ մահից 3 ամիս առաջ վիրահատող բժիշկ Արտեմ Ստեփանյանը, մի կողմ դնելով մինչ այդ իրականացված բոլոր անալիզների պատասխանները, վիրահատել է և իրեն աչքալուսանք  տվել, թե անզեն աչքով էլ իր համար պարզ էր՝ ուռուցքը 100 տոկոս բարորակ էր։

Եղիշե Եղյանը Yerkir.am-ի հետ զրույցում պնդել էր՝ մայրը մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ արգանդի քաղցկեղի վիրահատության ընթացքում սխալ բուժօգնություն տրամադրելու հետեւանքով: Նա ահազանգել էր նաև  Օնկոգինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանի եւ նույն բաժանմունքում նրա ձևավորած բժշկական անձնակազմի՝ Արեգ Ալավերդյանի, Վահե Մարգարյանի եւ մյուսների, իր պնդմամբ՝ «անօրինական, ոչ մարդկային, խարդախ եւ ապօրինի գործունեության մասին»:
Եղյանը մի դիմում էլ Անահիտ Ավանեսյանի անունով ուղարկել է ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրանքով, որ էթիկայի հանձնաժողովում մանրամասն քննության առնեն Ա. Ստեփանյանի և նրան օժանդակող բժշկական անձնակազմի կողմից ենթադրաբար ապօրինի գումարներ պահանջելու և ստանալու հանգամանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։