կարևոր
7732 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-29 14:06
Հասարակություն

Որտե՞ղ է գտնվել մինչ 2020-21 թթ. օրենքում հիշվող Ասկիպարա գյուղը. 30 օր՝ պարզելու համար

Որտե՞ղ է գտնվել մինչ 2020-21 թթ. օրենքում հիշվող Ասկիպարա գյուղը. 30 օր՝ պարզելու համար

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» (7 նոյեմբերի 1995թ. Ն-062-I) ՀՀ օրենքի՝ մայր փաստաթղթերին փոփոխող հետևյալ փաստաթղթերի (տե՛ս ԱԺ,06.10.2009,ՀՕ-190-Ն, ԱԺ,24.06.2010,ՀՕ-114-Ն, ԱԺ,24.06.2010,ՀՕ-115-Ն, ԱԺ,19.05.2014,ՀՕ-44-Ն, ԱԺ,24.11.2015,ՀՕ-148-Ն, ԱԺ,17.06.2016,ՀՕ-100-Ն, ԱԺ,09.06.2017,ՀՕ-93-Ն, ԱԺ,13.12.2019,ՀՕ-309-Ն, ԱԺ,17.04.2020,ՀՕ-227-Ն փաստաթղթերը) համապատասխան ինկորպորացիաներում (տե՛ս ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18, ԱԺ,07.11.1995,ՀՕ-18 ինկորպորացիաները) իբրև Ոսկեպար համայնքի բնակավայր  հիշատակվում է Ասկիպարա գյուղը:  

Կարճ ասած՝ մինչև 2020-2021 թթ. ՀՀ օրենսդրության մեջ Ոսկեպար համայնքի կազմում գոյություն է Ասկիպարա անունով բնակավայր, և վերջինիս անունն անհետացել է օրենքից Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Yerkir.am-ը վարչապետի աշխատակազմից խնդրել էր տրամադրել հիշատակված  Ասկիպարա գյուղի տեղադիրքի համապատասխան կոորդինատները, ինչպես նաև տեղեկություն առ այն, թե նշված Ասկիպարա գյուղը Վերի՞ն Ոսկեպար, թե՞ Ներքին Ոսկեպար բնակավայրն է հանդիսացել, որոնք երկուսն էլ ներկայումս անմարդաբնակ են և գտնվում են Տավուշի մարզի Ոսկեպար գյուղին հարակից երկու հակադիր հատվածներում (Վերին Ոսկեպարը հայտնի «անկլավ» կոչված գյուղատեղին է):

Ութ օր անց մեզ պատասխանել են, որ հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, և հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:

Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ ծանր աշխատանք է պետք կատարել ընդամենը մեկ գյուղի տեղադիրքի համապատասխան կոորդինատները տրամադրելու համար և փաստել՝ նշված Ասկիպարա գյուղը որ գյուղատեղիին է համապատասխանում, որ դրա համար 30 օր է անհրաժեշտ: Ինչևէ: Սպասենք, թե 30-օրյա երկարատև աշխատանքի  արդյունքում Փաշինյանի աշխատակազմն ի՞նչ կպարզի, մինչ 2020-2021 թթ. որտե՞ղ է գտնվել ՀՀ օրենսդրության մեջ հիշատակված Ասկիպարա գյուղը:   

 

Վ. Սարգսյան