01 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին 2023 թվականի հունվարի 19-ին ժամը 05:15-ին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող մահացել է: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: