կարևոր
6421 դիտում, 7 ամիս առաջ - 2024-03-28 11:19
Հասարակություն

2024 թ-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

2024 թ-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

ՀՀ կառավարությունը սպառողների խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու նպատակով սուբսիդիա կտրամադրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։

Կառավարության կայացրած այսօրվա որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև՝ 2016թ. նոյեմբերի 21-ին կնքված պայմանագիր և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայի համաձայն՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է ընկերության կողմից բաժանորդներին խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ, սակագների վերանայում:

Հանձնաժողովը 2023թ. նոյեմբերին կայացած նիստում հաստատել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:

ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների համար։ Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205.992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբեր ամսվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվար ամսվա 15-ը, հետևաբար, 2024 թվականի դեկտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում: