Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայտարարություն է տարածել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույցը մերժելու հետ կապված:
Փետրվարի 8-ին, որպես Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ և «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր, ըստ կարգի՝ դիմել եմ ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ (ՔԿԾ) Ամբակում Գրիգորյանին՝ խնդրելով թույլատրել ինձ, aravot.am կայքի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանին և 24news.am կայքի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանին մինչև փետրվար ամսվա վերջ թույլատրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց ունենալ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ: Դիմումի մեջ տեղեկացրել էի, որ Արմեն Աշոտյանը համաձայնել է հարցազրույցի ձևաչափով հանդիպում ունենալ մեզ հետ, ինչը վերջինս ամրագրել էր նաև ՔԿԾ ղեկավարությանը հասցեագրած իր դիմումով:
Փետրվարի 16-ին մեր դիմումը մերժվեց՝ անհեթեթ ու փնթի հիմնավորմամբ, այնքան փնթի, որ անգամ ՔԿԾ համապատասխան պաշտոնյայի՝ մեզ հասցեագրված պատասխանից նկատելի էր՝ մերժել են, որովհետև դիմել էինք ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հետ հարցազրույց վարելու նպատակով:
Այսպես, ՔԿԾ կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գևորգ Հովհաննիսյանի անունից մեզ հասցեագրված պատասխանի մեջ նախ վկայակոչված էր «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, համաձայն որի՝ ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց՝ նաև ԶԼՄ ներկայացուցիչների և այլ անձանց հետ տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ապա հավելել էին, որ կալանավորված անձին մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամսվա ընթացքում տրամադրվում է ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈւ կարճատև տեսակցություն՝ մինչև 3 ժամ տևողությամբ, ու «ավետել էին», որ 2024թ. փետրվարի 16-ին ստացված տեղեկանքի համաձայն՝ Արմեն Աշոտյանն օգտվել է իր փետրվար ամսվա հասանելիք տեսակցություններից, ուստի հնարավոր չէ տրամադրել վերջինիս հետ տեսակցությունը:
Եթե այս տեքստը գրողները կամ այն ստորագրողը ամեն կերպ չձգտեին կատարել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան-Նիկոլ Փաշինյան զույգի հրահանգը, մեկ անգամ գոնե կկարդային՝ ինչ հիմնավորմամբ են մերժում: Օրենքն ասում է՝ «ԱՌՆՎԱԶՆ ԵՐԿՈւ» կարճատև տեսակցություն, ինչը նշանակում է, որ նույն օրենքով կարգավորված է նաև լրացուցիչ տեսակցության տրամադրումը: Սա դեռ մեկնաբանում եմ իրենց ուղարկած պատասխանի տրամաբանության մեջ: