կարևոր
2866 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-24 10:36
Քաղաքական

ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավորն ազգուտակին Ալավերդիում պաշտոններ է շնորհում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը նախօրեին աշխատանքից ազատել է Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանին և տնօրենի պաշտոնակատար նշանակել նույն կենտրոնի ամբուլատոր պոլիկլինիկական մասի վարիչ Լորա Սարգսյանին, ով նաև Ալավերդու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Ալավերդու ԲԿ-ի երկարամյա տնօրենի աշխատանքային հնգամյա պայմանագրի ավարտին ավելի քան երկու տարի կար, սակայն այն խզվել է, ըստ մեր աղբյուրների, քաղաքական խարդավանքների արդյունքում։

Դեռ ամռանը, երբ «Ապրելու երկրի» անդամ Սիմոն Զախարովը լքել էր խմբակցությունը, միացել «Քաղաքացիական պայմանագրին» ու հնարավոր դարձրել գործող համայնքապետին պաշտոնանկ անելու իշխանության ծրագիրը, լուրեր էին շրջանառվում, որ Զախարովին նշանակելու են բժշկական կենտրոնի տնօրեն։ Ճամբարափոխ եղած Սիմոն Զախարովը թեպետ չնշանակվեց այդ պաշտոնում, քանի որ 65 տարին լրացել է եւ չի համապատասխանում տնօրենի պաշտոնի պահանջներին, սակայն կան լուրեր, որ հենց նրա պայմանով է Մոսինյանի պայմանագիրը ժամանակից շուտ լուծարվել։

Զախարովը, որը Ալավերդու ԲԿ բժիշկներից է, ասում են` ներանձնական հաշիվներ է ունեցել Մոսինյանի հետ եւ «դավանափոխ» լինելու պայմաններից մեկն էլ ԲԿ տնօրենի ազատումն է եղել։ Ընդ որում՝ ազատված Մոսինյանն էլ է հարում իշխանական շրջանակներին, նախկինում ՀՀԿ-ի հետ սերտ կապեր ունեցող Մոսինյանը հեղափոխությունից հետո ճամբարափոխ է եղել, որ շարունակի գործը, բայց քանի որ Զախարովն ավելի «արժեքավոր» ծառայություն մատուցեց ՔՊ-ին, ուստի զոհաբերեցին մյուս յուրայինին։

Ազատված տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես՝ երեք ամսով կղեկավարի ՔՊ-ական ավագանու անդամ Լորա Սարգսյանը, ով հիվանդանոցում գինեկոլոգ է աշխատել եւ փոխտնօրեն է դարձել ավագանու ՔՊ-ական անդամ դառնալուց հետո։ Միայն երեք ամիս անց կհայտարարվի տնօրենի պաշտոնի համալրման մրցույթ, որը, մեր աղբյուրների համոզմամբ, լինելու է ֆիկտիվ միջոցառում, քանի որ արդեն իսկ խոսվում է, որ հիվանդանոցի ղեկավարի պաշտոնը ստանալու է ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի աները` Ախթալային բուժամբուլատորիայի վարիչ Կարեն Ազարյանը, որը համատեղությամբ Ալավերդու ԲԿ-ում բժիշկ է: Ի դեպ՝ Մկրտչյանի զոքանչն էլ Ճոճկանի բուժամբուլատուրիայի վարիչն է։ Սակայն հնարավոր է, որ Արեն Մկրտչյանի աներն էլ ժամանակավոր տեղապահ աշխատի, քանի որ Ալավերդիում խոսում են, որ պատգամավորը տիկնոջը՝ Երեւանի հիվանդանոցներից մեկում աշխատող Կարինե Ազարյանին է տեսնում ԲԿ տնօրենի պաշտոնում։

Հիշեցնենք, որ Արեն Մկրտչյանը Ալավերդու ընտրություններին թեպետ գլխավորում էր ՔՊ-ի ցուցակը, բայց պարտվեց «Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդող Արկադի Թամազյանին։

Ու թեեւ համայնքի ղեկավար դառնալու նրա երազանքն այդպես էլ չիրագործվեց, սակայն պատգամավորը չի հանձնվում եւ իրեն դե ֆակտո քաղաքապետ է զգում՝ առանցքային պաշտոններում տեղավորելով իր ազգուտակին։ Եւ Թամազյանին էլ անվստահություն հայտնելով հեռացրեցին պաշտոնից:

Ինչ վերաբերում է ճամբարափոխ Զիմոն Զախարովին, ապա, ըստ մեր աղբյուրի, նա նախընտրել է Բժշկական աշխատանքի փորձագիտական հանձնաժողովը՝ ՎՏԵԿ-ը, որը զբաղվում է հաշմանդամության կարգեր տրամադրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։