կարևոր
4861 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-14 12:19
Քաղաքական

ԲԴԽ-ի պատվերով օրերս հրապարակված տեսանյութը ապացուցում է արդարադատության մահը․ Նաիրի Հոխիկյան

ԲԴԽ-ի պատվերով օրերս հրապարակված տեսանյութը ապացուցում է արդարադատության մահը․ Նաիրի Հոխիկյան

ԲԴԽ-ի առերևույթ պատվերով օրերս հրապարակված տեսանյութը ոչ միայն ապացուցում է արդարադատության մահը, այլև ցույց է տալիս այդ տեսանյութը պատրաստած մարդկանց մասնագիտական ցածր որակները։ Այս մասին գրում է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Իրավաբանները շատ են խոսել այդ տեսանյութի ոչ իրավական, հակաօրինական լինելու մասին։ Ես իրավական կողմին չեմ անդրադառնա, մանավանդ որ այդ ոլորտի մասնագետ չեմ։ Բայց խոսեմ լրագրողական գործոնի մասին։

Տեսանյութի ընթացքում փորձում էի հասկանալ, թե արդյո՞ք դրանում երևացող 5 լրագրողներից որևէ մեկը գիտակցե՞լ է իր արարքի լրջությունը, թե՞ հանձնարարություն է, արել են։ Ցավալի է, որ մեր լրագրության ոլորտում հենց այդ արատավոր երևույթն է՝ լրագրողին տալիս են հանձնարարություն, նա էլ անում է՝ առանց սեփական դիրքորոշման, առանց լրագրողական արժանապատվության գիտակցման։

Լրագրող աշխատելու տարիներին ինձ էլ բազմիցս տրվել է հանձնարարություն՝ անելու այս կամ այն գործը, որը ես համարել եմ սխալ, ոչ լրագրողական ու բնականաբար հրաժարվել եմ։ Մասնագիտական արժանապատվություն ու ինքնահարգանք ունեցող ոչ մի լրագրողի չեն կարող պարտադրել անել այն, ինչը դեմ է լրագրողական սկզբունքներին, իսկ ԲԴԽ-ի այդ տեսանյութում կար զրո լրագրություն։

Ցավում եմ տեսանյութում երևացող լրագրողների համար։ Ես լինեմ գործատու, միայն այդ տեսանյութի համար այդ լրագրողներից որևէ մեկին լրագրողական աշխատանքի ոչ մի հնարավորություն չեմ տա»։