կարևոր
1825 դիտում, 5 ամիս առաջ - 2024-01-19 11:53
Քաղաքական

Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է» եղել կլորիկ գումարներ հանգանակել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»

Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է» եղել կլորիկ գումարներ հանգանակել ՔՊ-ին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները:

Ինչպես հայտնի է, Հայաստանի բոլոր խոշոր գործարարներին «հանձնարարված է» եղել կլորիկ գումարներ հանգանակել իշխանական կուսակցությանը. ՔՊ-ի դրամահավաք-երեկոյին 996 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է շուրջ 509 085 950 ՀՀ դրամ, այսինքն՝ 1 մլն 262 հազար 681 դոլար: ՔՊ-ի դրամահավաքին, ինչպես արդեն գրել էին, հանգանակություններ էին արել «ԲԱՍ ՎՈՅԱԺ» ՍՊԸ-ն, ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետ Գոռ Բակլաչյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը, Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության նախկին պետ Խորեն Գրիգորյանը, Երեւանի ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը եւ այլ հետաքրքիր դեմքեր։

Այս անգամ ներկայացնում ենք ցուցակի հաջորդ հետաքրքիր քառյակին։ ՔՊ-ի դրամահավաքին 200 հազար դրամ հանգանակել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը։ Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի անդամ Գեղամ Բրսոյանը դրամահավաքի ամենաշռայլ նվիրատուներից էր, որը հանգանակել է 2 մլն 500 հազար դրամ։

Բանն այն է, որ նման շռայլություն դրսեւորելուց հետո նա, ՔՊ ցուցակում լինելով հանդերձ, չընդգրկվեց Երեւանի ավագանու ցանկում։ ՔՊ ավագանու ընտրացուցակում ընդգրկված եւ ավագանու անդամ չդարձած Շողիկ Վիրաբյանը եւս 2 մլն 500 հազար դրամ է հանգանակել։ 2 մլն 500 հազար դրամ էլ ՔՊ դրամահավաքին հանգանակել է 2022 թվականի ապրիլի 20-ին ՀՀ ԱԻ նախարարի օգնական նշանակված Տաթեւիկ Հակոբյանը։ Որտեղից այս պաշտոնյաներին այդքան գումար՝ դժվար չէ կռահել, բայց թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի «կոռուպցիան մերժող» թիմը ընդունել նրանցից կասկածելի ծագման շռայլությունները, միանգամայն անհասկանալի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում