կարևոր
5665 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-18 13:24
Հասարակություն

Ահազանգ. թռնելուց «Fly One»-ին 40 եվրո հավելավճար ես տալու գրանցման համար

Ահազանգ. թռնելուց «Fly One»-ին 40 եվրո հավելավճար ես տալու գրանցման համար

Օրերս Yerkir.am-ին դիմած քաղաքացին դժգոհել է «Fly One Armenia» ավիաընկերության մատուցած ծառայությունից. նա անակնկալի է եկել, երբ օդանավակայանում իրենից հավելավճար են գանձել առցանց գրանցում չունենալու համար։ 

«Աշխարհի ցանկացած ավիաընկերությունում նման բան չկա․ «Աերոֆլոտ»-ի, «Շիրակ Ավիա»-ի, թե՝ Flydubai-ի կամ որևէ ընկերության տոմս գնեք, երբեք առցանց ռեգիստրացիա չեք լինում, գնում եք օդանավակայանում եք ռեգիստրացիա անում և երբևէ ձեզնից հավելավճար չեն ուզում»,-ասաց ահազանգող քաղաքացին։

Ուսումնասիրելով «Fly One Armenia» ավիաընկերության էջում գրվածը՝  պարզեցինք, որ գրանցման ծառայությունը վճարովի է և բավականին թանկարժեք: Նշված է. «…գրանցումը հասանելի է թռիչքից 30 օր առաջ՝ հավելավճարով, կամ ամրագրման ընթացքում, եթե ընտրել եք նստատեղը։ Բացի այդ, Դուք կարող եք գրանցվել օդանավակայանում՝ 15 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք կայքի միջոցով, կամ 30 եվրո հավելավճարով, եթե ծառայությունը գնել եք օդանավակայանում»:

Սույնին հետևում է մեկ այլ՝ բավականին խրթին հիշեցում. «Ուշադրությու՛ն. նախնական առցանց գրանցման ապացույցը պետք է տրամադրել թվային ձևաչափով կամ A4 թղթի վրա տպված։ Որոշ օդանավակայաններում հսկիչ մարմինները պահանջում են նստեցման կտրոնի տպված տարբերակ։ Եթե Դուք գրանցվել եք առցանց, սակայն չեք կարող ապացույց ներկայացնել կամ հսկիչ մարմինները պահանջում են տպագիր հաստատում, ապա գանձվում է 5 եվրո կտրոնի տպման վճար… »:

Հատկանշական է, որ գրանցման բացակայության դեպքում օդանավակայանում գանձվում է 36-40 եվրո՝ իբրև գրանցման վճար, ինչին էլ բախվել է մեզ դիմած քաղաքացին՝ ընտանիքի 5 անդամների համար վճարելով մոտ 90,000 դրամ: Ի դեպ, գրանցման վճարը (Check-in fee) չի վերադարձվում։

«Աշխարհում չկա մի ավիաընկերություն, որ նման բան անի 40 երկրում եմ եղել, տարբեր ավիաընկերությունների թռիչքներից եմ օգտվել, ուղևորից չեն գանձում մոտ 16 հազար դրամ զուտ նրա համար, որ առցանց չի գրանցվել։ Առցանց գրանցվում են այն դեպքում, երբ քաղաքացին  ուզում է առաջին շարքերում նստել, օրինակ, մինչև 10-րդ շարքը»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ որևէ մեկը, բնականաբար, տոմս գնելուց հետո չի նստելու և ուսումնասիրելու, թե ի՞նչ հեքիաթ-պահանջներ են գրված  ընկերության կայքէջում կամ ինչու՞ պետք է պարտադիր գրանցվի, այդ գրանցման թուղթը տպի, հետը վերցնի և այլն, և այլն: 

«Թող միանգամից ասեն՝ իրենց տոմսերը 40 եվրոյով թանկ են, դա ավելի արդար կլիներ, և մարդիկ կիմանային՝ օգտվե՞ն դրանից, թե՞ ոչ: Ոչ թե նման ճանապարհով մարդկանց փաստի առաջ կանգնեցնեն: Օրինակ, տուրիստը եկել է, փողերը ծախսել, տոմս գնել և մեկնում է, մոտն էլ գումար չի մնացել, օդակայանում որտեղի՞ց գտնի 40 եվրո, որ վճարի, որ թույլ տան նստել օդանավ, սա ի՞նչ խայտառակություն է»,- նշեց քաղաքացին:

Համեմատության համար ուսումնասիրեցինք Lufthansa, Flydubai , «Աերոֆլոտ», Ural Airlines և մի շարք ավիաընկերություննների ծառայությունները և պարզեցինք, որ առցանց գրանցման բացակայության դեպքում որևէ ընկերություն ուղևորից  հավելավճար չի գանձում։

Ի դեպ 2021 թ. մարտի 18-ին պետական գրանցում ստացած «Fly One Armenia»-ն, ըստ տարբեր հրապարակումների, փոխկապակցված է Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր, խոշոր գործարար, Նիկոլ Փաշինյանի թիմակից Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ։    

Ավիաընկերության ուղևորափոխադրումների մեկնարկից հետո ծառայության մատուցման և սպասարկման որակի հետ կապված  պարբերաբար դժգոհություններ են հնչում։