կարևոր
2353 դիտում, 10 ամիս առաջ - 2023-12-27 11:02
Քաղաքական

Անմակարդակ ընտրություններ և որոշակի հույսեր․ Ավետիք Իշխանյան

Անմակարդակ ընտրություններ և որոշակի հույսեր․ Ավետիք Իշխանյան

(Հոդվածը գրվել էր ս․թ․ սեպտեմբերի 18-ին։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 19-ին, այն պետք է ուղարկեի հրապարակման, երբ սկսվեց Արցախի ողբերգությունը։)

Փորձենք վերլուծել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները։

Ընտրություններն անցան աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ դպրոցներին, մանկապարտեզներին, այլ պետական, մարզային հիմնարկների աշխատողներին հրահանգելով և ահաբեկելով,  մարզերից մարդկանց հանրահավաքի քշելով, տարբեր հասցեներում տասնյակ մարդկանց գրանցելով,  ողջ իշխանական վերնախավին մասնակից դարձնելով։

Արդյունքում, քպ կոչվող իշխող կուսակցությունը հավաքեց  ավելի քան 75 000 ձայն՝ 32․ 57%։ Եթե նույնիսկ այդ թվից հանենք վարչական ռեսուրսը, օրինակ՝ կեսը, ապա միևնույնն է, ավելի քան 30 000 մարդ ձայն է տվել պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, տարածքներ հանձնած, Արցախն ուրացած դավաճանական խմբակին։ Բայց․․․բայց նաև Հայաստանի  պատմության մեջ առաջին անգամ, իշխանությունը չհավաքեց 50 տոկոսից ավելի ձայն։

Երկրորդ խայտառակությունը համարում եմ  ոչ անհայտ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության հավաքած  ավելի քան 22 000 ձայները՝ 9․68%-ը։ Փաստորեն, հազարավոր երևանցիներ այլընտրանքը տեսնում են  անմակարդակ, հայհոյախառն բառապաշարով, մեկ այլ պոպուլիստի մեջ։

Երրորդ խայտառակությունը «Հանրապետություն» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ստացած հազարավոր ձայներն են, որով էլ նրանք հաղթահարեցին անցողիկ շեմը։ Եվ այս  երկու, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» և «Եվրոպական»  կոչվող,կուսակցություններին  ձայն տալը, նույնն է, ինչ ձայն տալ դավաճան քպ-ին։

Մտահոգիչ է նաև, որ պաշտոնական տվյալներով, շուրջ 70% երևանցիների անտարբերությունը երկրի ճակատագրի հանդեպ։ Եթե չլիներ վարչական ռեսուրսի կիրառումը, ապա քպ-ի ձայները առնվազն կիսով չափ կպակասեին և մասնակցությունը կլիներ 15-20%:Դեռ սա Երևանն է, համեմատաբար առավել քաղաքական մտածողությամբ քաղաքացիներով։

Ամեն դեպքում, փորձենք լինել լավատես։ Այս տեսակետից կա երկու մխիթարիչ գործոններ։ Առաջինն այն է, որ չնայած ահռելի կեղծարարություններին, վարչապետ կոչեցյալն իրականում, չհավաքեց երևանցիների նույնիսկ 10% ձայն։ Սա նշանակում է, որ ընդդիմության գրագետ գործողությունների դեպքում, վարչապետ կոչեցյալի իշխանությանը հաշված օրեր են մնացել։

Հաջորդը, «Մայր Հայաստան» դաշինքի համեմատական հաջողությունն է՝ ավելի քան 35 000 ձայն կամ 15․43%: 35 000 երևանցի անտարբեր չի իր երկրի ապագայով և ձայն է տալիս գրագետ, Արցախի և Հայաստանի  ճակատագրով անհանգստացած քաղաքական ուժին։

Եթե  համարենք, որ այդ 35 000-ը համեմատական փոքրամասնություն է կազմում, ապա հիշենք, որ Հայաստանում ճակատագրական պահերին հենց փոքրամասնությունն է վերցրել պատասխանատվությունը և հաղթել։ Այդպես է եղել 1918թ․ Սարդարապատում, 1920-21թթ․ Սյունիքում։

Այնպես որ, կարծում եմ, որ 35 000-ը լուրջ թիվ է պայքարը շարունակելու և հաղթական ավարտին հասցնելու համար։ Դրա համար պետք է մոբիլիզացնել ողջ ընդդիմադիր ուժերին, ընտրությունները բոյկոտած քաղաքացիներին և ցուցաբերել վճռականություն։

Հ․Գ․ Ինչպես վերը նշեցի, հոդվածը գրվել էր սեպտեմբերի 18-ին։ Երեկ Երևանի ավագանու նիստն ապացուցեց «Հանրային դոգ»-ի իրական դեմքը։ Ցավոք, մի հարցում սխալվեցի՝ «Մայր Հայաստանն» այդպես էլ մնաց պարզ փոքրամասնություն, չկարողանալով մոբիլիզացնել ողջ ընդդիմությանը։

 

Ավետիք Իշխանյան