կարևոր
4072 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 14:56
Քաղաքական

Ինչո՞ւ պարտվեց Հայաստանը․ Էդգար Էլբակյան

Ինչո՞ւ պարտվեց Հայաստանը․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

«Ասում են՝ թշնամական Ադրբեջանի ղեկավարն այցելել է ժամանակավորապես օկուպացված Արցախի Ասկերանի շրջանի Քռասնի գյուղ։ Այս գյուղը հայոց ազատագրական պայքարին տվել է այնպիսի ազնվասիրտ տիպարներ, ինչպիսիք են Մենակը (Եգոր Առստամյան) և Վանա Իշխանը։

Մենակի փայլուն հետախուզական աշխատանքի շնորհիվ են մի քանի զինատար խմբեր անկորուստ անցել Երկիր։ Կռիվներից մեկում ընկած Մենակի անմահ հիշատակին հենց համագյուղացի Իշխանն է ձոնել հայտնի «Դուն էլ վեր կացար դէմ արեւծագին…» երգը։

Իսկ Իշխանը զոհվեց 1915 թ․-ին, երբ կուսակցության որոշմամբ հաշտարար բանակցության էր գնում Վանի կուսակալ Ջևդեթի մարդկանց հետ՝ լավ իմանալով, որ առջևում ստույգ մահն է՝ ի սեր հարազատ ժողովրդի։

Մեր պատմության դասագրքերում ոչ մի խոսք չկար այս ամենի մասին։ Այն մասին, որ ֆիդայական շարժման շատ նվիրյալներ ղարաբաղցիներ էին, ղարաբաղցի էր ֆիդայական պատմության ամենափառահեղ և իմաստալից գործողության՝ Խանասորի արշավանքի հեղինակն ու կնքահայրը՝ Նիկոլ Դումանը, նրա համագյուղացի և նույն արշավանքի հրամանատար Խանասորի Վարդանը, Մենակը, Իշխանը, որ Արցախի Նախիջևանիկ գյուղի ծնունդ Բեկ-Փիրումյանների հրամանատարությամբ հենց ղարաբաղյան հեծելազորն է վճռել Սարդարապատի ճակատամարտի ելքը և հնարավորություն ստեղծել Հայաստանի գոյության…

Ծագումով արցախցի զույգ նախագահները կարծես իրենք էլ մի տեսակ ընդունած լինեին լևոնաթուրքական խաղի կանոնը, որ «ղարաբաղցիությունը թեմա ա», և ցանկանային դիստանցավորվել այդ ամենից։ Չկա ավելի վատ բան, քան երբ դու ընդունում ես թշնամուդ թելադրած խաղի կանոնը։ Դրանից վատ բան մեկ էլ այն է, երբ դիմացինդ քեզ ընկալում է որպես թշնամի, իսկ դու նրան՝ ոչ, ինչպես այդ եղել է Հայաստանի առաջին և երկրորդ-երրորդ նախագահների պարագայում։

Այսօր արդեն անիմաստ են բոլոր տեսակի տեխնիկական արծարծումները, գյալաջիներն այն մասին, թե 2018 թ․-ին քանի հոգի կար հրապարակում, թե դիմադրության շարժման ժամանակ ինչքան էր ավել կամ պակաս, որ կարգախոսն է ավելի դուրեկան, պայքարի ո՛ր մեթոդներն են ավելի արդյունավետ, որոնք՝ կասկածելի, և այսպես շարունակ, քանի դեռ հետահայաց կարգով արձանագրված չէ այս պարզ ճշմարտությունը, որ Հայաստանի անկումը հետևանք է գաղափարախոսական և փիլիսոփայական կատարյալ ֆիասկոյի, ազգայինի հանդեպ գլոբալիստականի հաղթանակի և էլիտաների կողմից հազարամյա հայ-թուրքական պատերազմում հաղթելու ցանկության փոխարեն կալբասի ծառին զոհեր մատուցելու անհագ մոլուցքի։

Լուսանկարում՝ ձախից աջ քռասնեցի փառապսակ հերոսներ Մենակը և Վանա Իշխանը»։