կարևոր
3175 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-17 15:04
Հասարակություն

Խոշոր վթար Տավուշի մարզում. բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Խոշոր վթար Տավուշի մարզում. բախվել են Իջևան-Դիլիջան երթուղու մարդատար ГАЗель-ն ու 06-ը. կա 15 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմանում Իջևան-Սևան-Երևան ավտաճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, բախվել են Իջևան-Դիլիջան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու տեղում իրականացրել հերթապահություն: Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Գազել»-ը վարել է Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գալուստ Մարգարյանը, իսկ 06-ը վարել է Տավուշի մարզի բնակիչ, 58-ամյա Գարեգին Հարությունյանը: