Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, որ Արմեն Գրիգորյանն է ինչ-որ բան փնտրում արեւմտյան երկրներում, թե՞ ինքն է հենց այն մեկը, ում Արեւմուտքն է փնտրում կամ երկուսը զուգահեռ, հստակ ասել հնարավոր չէ։ Փաստն այն է, որ մեկը մյուսին հաջորդող աշխատանքային այցերը ինքնանպատակ լինել չեն կարող։
Արմեն Գրիգորյանը նախ մեկնել էր Վաշինգտոն։ ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել էր Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին ու քննարկել պաշտպանական համագործակցությանը վերաբերող հարցեր եւ որ «ամենակարեւորը»՝ երկուստեք կարեւորել էին ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման ու հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները: Հետո Սպիտակ տանը հանդիպել էր ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի գլխավոր տեղակալ Յուրի Կիմին: Հետաքրքրական է, որ այս հանդիպումներից նկարներ չեն հրապարակվել։ Նա ԱՄՆ էր մեկնել նաեւ հուլիսին ու հանդիպել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների։
Հաջորդ կանգառը եղել է Լոնդոնը։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոուի հետ ԱԽՔ-ը մտքեր է փոխանակել մեր տարածաշրջանում ու ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Փաշինյանին հասցրել են ճանաչել բոլորը։ Նա աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն է իրականացնում ու փորձում Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, սակայն բոլոր ուժային կենտորնները գիտակցելով, որ ստախոսը վստահելի գործընկեր լինել չի կարող ոչ մեկի համար, հանուն աթոռի եւ իր ու իր ընտանիքի համար անվտանգության երաշխիք ստանալու պատրաստ է ցանկացած վտանգավոր որոշման՝ ավելի են համոզվում ու համախմբվում այն մտքի շուրջ, որ ժամանակն է ազատվել նրանից։ Նրա իշխանությունը երկարաձգել հնարավոր չէ, սակայն տեւական ժամանակ է, որ Արեւմուտքը նրան փոխարինողի փնտրտուքի մեջ է։ Տարբերակներից մեկը հենց Արմեն Գրիգորյանն է։
ԱԽՔ-ը բավական ակտիվ գործունեություն է ծավալել վերջին շրջանում։ Փաշինյանը նրան շրջանցել չի կարող։ Նա խցկված է բոլոր հարցերում, բանակցում է ցանկցած հարցով՝ լինի Արցախի հարց, պաշտպանության ոլորտի համագործակցություն, կամ անվտանգություն, անգամ «Խաղաղության խաչմերուկ»-ն է ներկայացնում միջազգային գործընկերներին։
Պետք է հաշվի առնել, որ Արցախի մի շարք քաղաքական ուժեր կարող են հայտնվել նրա ճամբարում, երբ հարկավոր լինի։ Նրա ներքին ցանկություններից տեղյակ չենք, սակայն եթե ծնունդով Արցախցին իր աթոռը վեր է դասել հայրենիքից, ապա ինչո՞ւ ԱԽՔ-ի իր պաշտոնը չփոխարինի վարչապետականով։
Գրիգորյանը ոչ միայն Փաշինյանին իշխանության գալու հարցում բացառիկ ծառայություն մատուցած գործակալական ցանցի անդամներից է ու եղել է Սորոսի հիմնադրամից գրանտներ ստացած Թրանսփեյրնսիի նախկին աշխատաող, այլեւ տեղեկությունների համաձայն՝ թավշյա «հեղափոխություն»-ից առաջ, որոշ ժամանակահատված բնակվել է ԱՄՆ-ում, թրծվել այդ երկրի հատուկ ծառայություններում, զբաղվել գաղտնի գործերով, սակայն շրջապատին ներկայացրել, որ իբր այնտեղ ծանր աշխատանք է կատարում ու հաց հայթայթում։
Եթե Գրիգորյանի բուն նպատակը իշխանությունը Փաշինյանից խլելը չէ, ապա ամենայն հավատարմությամբ լծվել է այն ծրագրի իրագործմանը, որը Փաշինյանը դեռ ավարտին չի հասցրել․․․
Մեղրի Ղուկասյան