կարևոր
2224 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-04 11:48
Քաղաքական

ՔՊ-ի նախընտրական ծրագրում հստակ ամրագրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանումը․ «Հայաքվե»-ն հետևողական է, որ տեր կանգնեք ձեր խոստումներին․ Մինասյան

Մինչեւ 2022թ. հոկտեմբերի 6-ը Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ ոչ մի փաստաթղթով կամ բանավոր հայտարարությամբ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։ Այս մասին Ազգային ժողովում, «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ դիմելով կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։

Նրա խոսքով՝ հավաստիացումներն այն մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն «իբր ինչ-որ բան այնտեղ ցանկացել է բանակցությունների սեղանի շուրջ», եւ որ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներն ինչ-ինչ պատճառներով սկսել են քննարկել այդ հարցերը, անհեթեթ են։ «Չկա ոչ մի փաստաթուղթ, որին կարելի է հղում կատարել՝ սկսած 1990-ից առ այսօր»,- ասել է Մինասյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չպետք է ունենար եւ չունի որեւէ ընդհանուր բան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ նաեւ մինչեւ «Քաղաքացիական պայմանագրի» իշխանության գալը։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրենսդրական փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողության քրեականացում։