կարևոր
6007 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-23 16:31
Իրավական

Գուրգեն Ներսիսյանին թող հարցաքննեն, նա բեկում կառաջացնի․ «Հրապարակ»

Գուրգեն Ներսիսյանին թող հարցաքննեն, նա բեկում կառաջացնի․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

2020 թ. դեկտեմբերի 10-ին «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ նախագահներն Արցախի դատախազություն են ներկայացրել հաղորդում առերեւույթ հանցագործությունների մասին, որոնք վերաբերել են 44-օրյա պատերազմին եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությանը: ԱՀ դատախազությունը Գուրգեն Ներսիսյանի` գլխավոր դատախազ նշանակվելուց հետո այդ հաղորդման հիման վրա հարուցել էր քրեական գործ, որով քննություն է իրականացվել մինչեւ 2023 թ. փետրվար-մարտ ամիսները: Երբ Գուրգեն Ներսիսյանն ազատվել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնից, գործը կարճվել է:

Քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ուժային կառույցների այն ղեկավարները, ովքեր 44-օրյա պատերազմի օրերին պաշտոնավարել են, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, գործող եւ պաշտոնաթող զինվորականներ: Նրանք մանրամասն պարզաբանումներ եւ ապացույցներ են ներկայացրել, որոնք առնչվել են պատերազմին նախորդած եւ դրա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններին: 

Արցախի գլխավոր դատախազություն հաղորդում ներկայացնողներից մեկն Արցախի նախկին 2 նախագահների եւ գործող նախագահ Շահրամանյանի խորհրդական, «Հայկի սերունդ» ՀԿ ներկայացուցիչ Վլադիմիր Գրիգորյանն է եղել։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Հայկի սերունդ» եւ «Առաջ Արցախ» ՀԿ-ների ներկայացուցիչները կոլեկտիվ հաղորդում ներկայացնելով՝ նպատակ են ունեցել լիարժեք բացահայտել պատերազմի պատճառներն ու հետեւանքները։ 

«Այդ բացահայտումները հետագայում դառնալու էին նաեւ հանրության համար հասանելի, հետեւաբար, բոլորը կիմանային, թե իրականում ինչ է տեղի ունեցել այդ օրերին, որի հետեւանքով արդեն, ցավոք, ունենք ժամանակավոր հայաթափված եւ կորսված Արցախ, հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր խեղված ճակատագրեր: Ինձ համար շատ անհասկանալի է, թե ինչու ԱՀ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը չի հրավիրվում ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողով: Կարծում եմ` նա անպայման պետք է հրավիրվի եւ ներկայացնի իր ունեցած կամ տիրապետած ողջ տեղեկությունները, որովհետեւ դրանք բոլորն իրենցից ներկայացնում են արժեք եւ ունեն համապատասխան ապացուցողական մեծ բազա, ինչը, կարծում եմ, օբյեկտիվ քննության արդյունքում կարող է 180 աստիճանով փոխել քննիչ հանձնաժողովի վերջնական եզրահանգումները»,- ասաց Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ գործը կարճվելուց հետո, երբ փաթեթն ուղարկվել է հանցագործության մասին հաղորդում ներկայացրած կառույցներին, պարզվել է, որ ԱՀ դատախազությունը եւ ԱՀ քննչական կոմիտեն արդեն իրականացրել են մեծածավալ աշխատանք: «Վստահ եմ, որ ցանկության դեպքում դրանք կարող են դառնալ քննության առարկա թե՛ ՀՀ իրավապահ մարմիններում, թե՛ ԱԺ քննիչ հանձնաժողովում»,- ընդգծեց Գրիգորյանը։ 

Մենք ավելի վաղ փորձել էինք հասկանալ՝ արդյո՞ք ԱԺ քննիչ հանձնաժողովը մտադիր է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին լսելուց հետո հրավիրել նաեւ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով այն, որ նա պատերազմից հետո զբաղեցրել է ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնը եւ տիրապետում է պատերազմի հանգամանքներին առնչվող շատ դետալների։ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ասել էր, որ այս պահին նրան հարցաքննելու հարց չի քննարկվում։ Հիշեցնենք, որ քննիչ հանձնաժողովն աշխատանքն ավարտելու է դեկտեմբերի 3-ին։