Երևի Ռուբեն Ռուբինյանի դուրը չեկավ, որ Ազգային ժողովի ամբիոնին Արցախ պաշտպանող պետք է լինի․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը, որին նիստը նախագահող Ռուբեն Ռուբենյանի ցուցումով ԱԺ անվտանգության աշխատակիցները հեռացրին ամբիոնից։
Գեղամ Մանուկյանը, արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին, ասել էր՝ Արցախն ուրացողը դավաճան է:
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 90 թվին Կոմկուսով խորհրդարան մտած, Ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ, բոլորի հետ աշխատած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասել, որ «Հայաստանի ապագան պայմանավորված է Արցախով» ձևակերպումը սխալ է, որ մենք ուղղակի պետք է մտածենք, թե Արցախում ապրող մարդիկ անվտանգ լինելո՞ւ են Ադրբեջանի կազմում, թե՞ չէ։ Նա ինքնաբերաբեր ուրացել է Արցախը, Արցախյան հարցը, որի դեպքում ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում՝ ես և իմ տարեկիցները, որոնք 30 տարի առաջ, ի տարբերություն խաչատրյանվիգենների, կանգնել են Ազատության հրապարակում, պայքարել Արցախի համար, պետք է իրերն իրենց անունով կոչեն, ես էլ կոչեցի՝ դավաճանություն։ Ռուբեն Ռուբինյանն այդպիսով նաև ուրացավ իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը, որն արցախյան շարժման առաջին օրերից եղել է պայքարում»,- ասաց Գեղամ Մանուկյանը։