կարևոր
4102 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-25 22:20
Քաղաքական

Դատապարտելի են քաղաքական ենթատեքստով, բռնությունով բերման ենթարկելու, կալանավորելու դեպքերը․ «Մայր Հայաստան» դաշինք

Դատապարտելի են քաղաքական ենթատեքստով, բռնությունով բերման ենթարկելու, կալանավորելու դեպքերը․ «Մայր Հայաստան» դաշինք

«Մայր Հայաստան» դաշինքը խիստ մտահոգություն է հայտնում զանգվածային անկարգություններին մասնակցելու հոդվածով ավելի քան հինգ տասնյակ անձի հանդեպ ապօրինի քրեական հետապնդում հարուցելու եւ ակցիաների մեկնարկից ի վեր հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու կապակցությամբ։ 

Հատկապես մտահոգիչ են ակնհայտ քաղաքական ենթատեքստով եւ ընդգծված բռնություն կիրառելով բերման ենթարկելու, ձերբակալելու եւ կալանավորելու դեպքերը։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հանդեպ խոշտանգումն ու շինծու մեղադրանքով կալանավորումը նշվածի ակնհայտ դրեւորում է։

Անընդունելի է լրագրող Դավիթ Սարգսյանի ձերբակալությունը խուլիգանության ակնհայտ կեղծ մեղադրանքով։

Անթույլատրելի է անհնազանդության ակցիաների մասնակից Տաթևիկ Վիրաբյանի՝ զոհված զինծառայող Գևորգ Վիրաբյանի քրոջ, կալանավորումը՝ իբրեւ թե բռնության կոչերի համար։

Դաշինքը դատապարտում է պատգամավորների ու լրագրողների բերման ենթարկելու գործելաոճը։

Բողոքի եւ անհնազանդության խաղաղ ցույցերի մասնակիցների հանդեպ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու գրեթե բոլոր միջնորդությունների՝ դատարանների կողմից բավարարումը գնահատում ենք որպես իշխանության ճյուղերի սերտաճում, ինչը խաթարում է պետության բնականոն գործունեությունը եւ օրհասական դարձնում իշխանափոխությունը։

«Մայր Հայաստան» դաշինքը անընդունելի է համարում բերման ենթարկելիս եւ Ոստիկանության տարբեր բաժանմունքներում ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ցուցարարների հանդեպ կիրառվող ծեծն ու խոշտանգումը, որն ուղեկցում է մարդկանց արժանապատվությունը վիրավորող հայհոյանքներով։

Կոչ ենք անում Ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին պատշաճ գնահատական տալ կատարվածին, վերադառնալ իրավական դաշտ եւ պաշտպանել ապօրինություններից տուժածների իրավունքները։

«Մայր Հայաստան» դաշինքը հետեւողական է լինելու, որպեսզի օրենքի ընձեռած հնարավոր բոլոր միջոցներով մեղավորները պատասխանատվության ենթարկվեն եւ ապահովվի քաղաքացիների ազատ արտահայտվելու ու ազատ տեղաշարժի իրավունքի լիարժեք իրացումը։

«Մայր Հայաստան» դաշինք

25․09․2023