կարևոր
2983 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-17 16:51
Հասարակություն

Համազգայինը 95 տարեկան է

Համազգայինը 95 տարեկան է

Սեպտեմբերի 15-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացավ Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակի պաշտոնական հանդիսությունը։

Հանդիսությանը ներկա էին Համազգայինի ԿՎ անդամներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ և ԱԺ ՀՅԴ պատգամավորներ, Համազգայինի՝ տարբեր երկրներում գործող մասնաճյուղերի, կրթական, հրատարակչական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, ՀՕՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Նելլի Վեքիլյանը, ՀՄԸՄ ԿՎ անդամ Դավիթ Հակոբյանը, «Թեքեյան» միության ղեկավար Ռուբեն Միրզախանյանը, բարերարներ, արվեստագետներ և այլոք։

Համազգայինի կենտրոնական վարչության անունից խոսք ասաց Համազգայինի ԿՎ ատենապետ Զաքար Քեշիշյանը՝ կարևորելով Համազգայինի անցած նվիրական ուղին ու առաքելությունը։ Նա իր խոսքում հիշեց եւ արժևորեց այն նվիրյալ մտավորականներին, ազգային գործիչներին, ովքեր ստեղծեցին այնպիսի կուռ կառույց, որի անցած ճանապարհը թեև դժվար, բայց նվիրական է ու վեհ։

ՀՅԴ Բյուրոյի անունից ելույթ ունեցավ Կիրո Մանոյանը։

Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանն ընթերցեց Լևոն Շանթի «Շղթայվածը» պիեսից մի հատված։

Ցուցադրվեց Համազգայինի աշխարհասփյուռ կառույցի մասին պատմող տեսանյութ, որում ներկայացված էր Համազգայինի կատարած հայապահպանական աշխատանքները, գրասենյակների որդեգրած ճանապարհը։

Ցուցադրվեց նաև «Հայ հոգին» տեսահոլովակը, որը համավարակի օրերին կյանքի է կոչվել Համազգայինի ԿՎ նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ համախմբելով աշխարհի տարբեր ծայրերում ապրող երգիչներին ու երաժիշտներին (խոսք՝ Մուշեղ Իշխանի, երաժշտությունը՝ Արմենուհի Կարապետյանի)։

Միջոցառումն ուղեկցվեց գեղարվեստական հայտագրով, որի ընթացքում ելույթ ունեցան «Կադանս» համույթը, «Կոմիտաս» քառյակը, Մավր Մկրտչյանը, «Կիլիկիա» տրիոն։

Համազգայինի Երևանի գրասենյակ

Տեսանյութն՝ այստեղ