«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել՝ ««Խաղաղության օրակարգով» ցեղասպանվելու այլընտրանքը» վերնագրով։
Հոդվածում ասվում է. «Նիկոլը դրել է բոլոր վերջակետերը, և սկսեց գործել բաց քարտերով, ապացուցելով, որ.
- Իր կյանքը և իր պաշտոնը նույնականացրել է,
- Իր հիմնական կենսահամակարգը ներքին ֆաշիզմն է՝ թշնամացնել հայկականությունը՝ որ մասը որի հետ կարողանա,
- Ոչ մի կոնցեպտ, ոչ մի տեսլական չունի տարածաշրջանի նոր ճարտարապետության մեջ։
- Զիջել, զիջել, զիջել, ինքն էլ չգիտի՝ որտեղ և ինչ է զիջելու, որտեղ է զիջման վերջը, չի հասկանում։ Անկեղծորեն չի հասկանում, և որպես հետևանք Ադրբեջանն ամեն շաբաթ նոր ավելի վտանգավոր պահանջներ է դնում։
- Ինքը չգիտի՝ ինչ է պետք անել՝ընդհանրապես։ Գիտի, որ պետք է մնա պաշտոնին, ու ուրիշ ոչինչ չգիտի։
- Հասկանում է, որ իր քայլերը, 1-5 կետերի պրոցեսը տանում են նոր աղետի՝ պատերազմ կկոչվի, ցեղասպանություն կկոչվի, պետականության կորուստ՝ պարզ չէ, բայց որ շատ մեծ աղետի ենք գնում, արդեն պարզ հասկանում է։
- Չի լսում որևէ առաջարկ (կամ իրավունք չունի լսելու կամ ի վիճակի չէ), չի մտածում հրաժարականի մասին. այդպես կաներ ցանկացած ուրիշ մեկը՝պետությանը նոր հնարավորություն տալու համար։
Ինչ կա դիմացը.
- Հասարակության մի հատված, որ հասկանում է ամեն ինչ և որը, սակայն, չգիտի անելիքը, և որին չեն ասում՝ ինչ անել
- Ընդդիմության ինստիտուցիոնալ կազմաքանդվածություն
- Մի քանի տասնյակ գործիչներ, ովքեր ամենօրա ռեժիմով անում են իրենցից կախված ամեն ինչ, բայց դեռևս չեն ընկալվում որպես նոր առաջնորդություն և միասնական հարթակ։
- Լայն հասարակության օտարացում սեփական ճակատագրից։
Ինչ անել
- Ներքին հաշտեցման պրոցես։ Ուրիշ այլընտրանք չկա։ Նիկոլի հիմնական կենսական թույնը ներքին թշնամանքն է, էլեկտորալ բարիկադավարումը։ Դրա միակ հակաթույնը ներքին հաշտեցման տոտալ արշավն է, միջընտրազանգվածային երկխոսությունը։ Լևոնականներ, վազգենականներ, դաշնակներ, ԲՀԿ-ականներ, սերժականներ, ռուբենականներ, արևմտամետներ, ռուսամետներ և այլն և այլն. այս բաժանումները 2020-ից հետո այլևս կորցրել են գոյության իրավունքը, մենք պիտի վերջապես հաղթահարենք մեր ներքին պատնեշները, ֆիքսենք ընդհանուր խնդիրը, որ գնանք նույն ուղղությամբ։ Որքան էլ դժվար է, բայց ուրիշ ճանապարհ չկա։
- Պիտի փորձենք ձևը գտնել՝ խոսելու Նիկոլի մանիպուլյացվող ընտրազանգվածի հետ։ Աղետը հաշվի չի առնելու որևէ մեկի պատկանելությունը, չի հարցնելու՝ Նիկոլին սիրո՞ւմ ես, թե՞ ատում։ Աղետի կասեցումը բանաձև է, որով կարելի է ու պետք է սկսել խոսել բոլորի հետ՝ որքան էլ դժվար լինի, որքան էլ անդուր լինի։ Մարդկանց պիտի հնարավորություն տրվի՝ գիտակցել, որ իրենք մանիպուլյացիայի զոհ են և ունեն այլ ճանապարհ։
- Այս ճանապարհով հասնել այն բանին, որ լիցենզավորված նիկոլականների շերտը փոքրանա մինչև նվազագույն չափեր։ Այս առումով ճշգրիտ բանաձև էր տվել Ա. Ջուլֆալակյանը։
- Խոսել պետական համակարգի հետ՝ հանգիստ, գրագետ։ Մեծ մասը նորմալ մարդիկ են։ Խոսելը ենթադրում է նաև բարոյական ճնշում ու զգուշացում՝ մաս չկազմել պատմական աղետին (տարանջատում՝ հանուն փրկության)
- Երկրում փոխել մթնոլորտը. ամոթ է՝ 21-րդ դարում ՄԵԿ հոգի մի ողջ ժողովրդի տանի աղետի և այդ ժողովրդի մեծ մասը հնազանդ քշվի կոտորվելու։
- Իշխանությանը հաջողվել է ստեղծել պատերազմի և խաղաղության սխալ նարատիվ ու մտցնել դա հանրային գիտակցություն. լայն զանգվածներն այս պահին նախընտրում են «խաղաղության օրակարգով» ցեղասպանվել, քան իշխանություն փոխելու միջոցով ստանալ կայունություն և անվտանգություն։ Այս վիճակը պետք է և հնարավոր է կարճ ժամանակում փոխել։
- Մենք կհաջողենք, և անելիքի թվարկած կետերը կդառնան իրականություն միայն ու միայն պայքարի նոր ձևաչափերի ու նոր ձևակերպումների դեպքում։ «Հայաստանն առանց խելքի» որևէ շարժում թույլ տալ չի կարելի։ Պետք է ճիշտ բովանդակություն, ճիշտ մենեջմենթ։