կարևոր
2161 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 12:44
Քաղաքական

Ովքե՞ր են լինելու շտաբի պետերը․ «Հրապարակ»

Ովքե՞ր են լինելու շտաբի պետերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Սեպտեմբերի 17-ին մայրաքաղաք Երեւանը կընտրի իր 14-րդ քաղաքապետին: Թեպետ դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկը չի տրվել, սակայն որոշ քաղաքական ուժեր արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը:

Օրինակ` իշխող թիմի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն մի քանի ամիս է՝ զբաղված է նախընտրական քարոզարշավով: Բակային այցելություններ է իրականացնում, ծրագրեր հրապարակում, ավտոբուսներ բերում, մետրո սարքելու եւ այգիները նորոգելու խոստումներ տալիս:

Օգոստոսի 23-ից բոլոր հավակնորդները կմտնեն քարոզարշավի մեջ` բակային ելույթներով հանդես կգան, քաղաքը կհեղեղեն նախընտրական պաստառներով, սեր կխոստովանեն երեւանցիներին, սրտաճմլիկ պատկերներ կբեմադրեն, անիրականանալի խոստումներ կտան: Իսկ Երեւանը կշարունակի տառապել խցանումներից, օր-օրի ավելի վատ աշխատող հասարակական տրանսպորտից, կիսաքանդ մայթերից, սովետից մնացած վերելակներից, փոշուց ու կեղտից: Պաշտոնական քարոզարշավը կավարտվի սեպտեմբերի 15-ի գիշերը, 16-ին կհայտարարվի լռության օր, իսկ 17-ին կգնանք քվեարկության:

Ինչպես արդեն հայտնի է` ՔՊ-ի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն` Մանե Թանդիլյանը, Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը, Տիգրան Արզաքանցյանի «Ուժը հայրենյաց» կուսակցությունից, որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու, հանդես կգա իրավաբան Նելլի Հարությունյանը: «Միացյալ Հայաստան» կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրություններին, եւ նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։ Քաղաքապետի թեկնածուների մեջ է նաեւ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը։ Նա առաջադրվելու է «Հաղթանակ» կուսակցության ցուցակով:

Որքան էլ զարմանալի թվա, Հայաստանի արմատական ընդդիմությունը` 2021 թվականին իշխանություններին ջախջախելու խոստումներով հանդես եկած «Հայաստան» դաշինքը դեռեւս որեւէ հստակ որոշում չունի: Այս դաշինքի ներկայացուցիչ Անդրանիկ Թեւանյանն առաջադրվելու է «Համախմբում» կուսակցության անունից: «Պատիվ ունեմ» խմբակցությունը եւս պասիվ է, գոնե առ այս պահը որեւէ բան չի հայտարարել, ինչպես չի հայտարարել նաեւ ՀՅԴ-ն: Իսկ ընտրություններին մնացել են հաշված օրեր` մեկ ամսից էլ քիչ:

Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ մենք փորձեցինք պարզել, թե ընտրություններին մասնակցող ուժերն ունե՞ն արդյոք նախընտրելի շտաբների ղեկավարներ, թե՞ ոչ:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը Երեւանի ավագանու սպասվող ընտրություններում կղեկավարի ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը:

«Ապրելու երկիր» կուսակցությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն վաղուց որոշված է, որ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Մեսրոպ Առաքելյանը:

«Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ունեն նախընտրելի թեկնածու, սակայն դեռեւս հստակ չէ, ուստի անուն դեռ չի ուզում տալ: Մենք հետաքրքրվեցինք, թե Գեւորգ Գորգիսյա՞նն է իրենց նախընտրելի շտաբի պետը, Խաժակյանը նշեց, որ հարցին պատասխանել դեռեւս չի կարող:

«Հանրապետություն» կուսակցությունից Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության նախընտրական շտաբը Երեւանի ընտրություններում ղեկավարելու է սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը:

«Միացյալ Հայաստան» կուսակցությունից Երվանդ Թարվերդյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, իրենց նախընտրական շտաբը ղեկավարելու է Հովհաննես Հայրապետյանը: Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության եւ Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածու, սոցիոլոգ Կարեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքն ունի նախընտրելի թեկնածու, սակայն այդ թեկնածուի անունը տալ չի կարող, որովհետեւ դեռեւս Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության հետ այդ մասին զրույց չի ունեցել։ «Դեռեւս չկա հստակ որոշում այդ մասով»,- նշեց նա:

«Հաղթանակ» կուսակցության ցուցակով հանդես եկող Վիկտոր Մնացականյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հնացած է համարում «նախընտրական շտաբ» հասկացությունը։ «Մենք որոշել ենք, որ ոչ թե շտաբ է լինելու, այլ նախընտրական կամպանիա, իսկ այդ կամպանիան ունենալու է մենեջեր, սակայն առայժմ չեմ կարող ասել նրա անունը»,- նշեց նա:

«Ուժը հայրենյաց» կուսակցությունն էլ Արզաքանցյանին հատուկ օրիգինալությամբ տարբերվեց իր պատասխանով, նշեց, որ նման կարեւոր հարցերին պատասխանում են միմիայն գրավոր եղանակով:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։