կարևոր
5695 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-07 21:11
Քաղաքական

Հայը միշտ կա և կմնա. ակցիա Վաշինգտոնում՝ հաջակցություն Արցախի

Հայը միշտ կա և կմնա. ակցիա Վաշինգտոնում՝ հաջակցություն Արցախի

Ադրբեջանի կողմից համակարգային և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականության արդյունքում Արցախի Հանրապետությունը վերածվել է մի բանտի, որտեղ դատապարտված են ավելի քան 30,000 երեխաներ առանց ջրի, սննդի և դեղորայքի:

Հիշեցնենք, որ ավելի քան 7 ամիս Ադրբեջանի կառավարությունը շարունակում է փակ պահել ՀՀ-ից Արցախի Հանրապետություն տանող միակ ճանապարհը՝ այսպես կոչված Լաչինի Միջանցքը: Սակայն ԱՄՆ կառավարությունը և առհասարակ միջազգային հանրությունը շարունակում են իրենց քաղաքական հայացքներում ցուցաբերել բացառապես կրավորական մոտեցում, անտեսելով ավելի քան 120,000 արցախահայերի՝ իրենց բնօրաննում ապրելու և ինքնորոշվելու իրավունքը: Այդ իսկ պատճառով ՀՅԴ Երիտասարդական միության «Անի» մասնաճյուղը մայրաքաղաք Վաշինգտոնում կազմակերպել էր 7-օրյա արշավ, որը հունիսի 28-ին Ադրբեջանի դեսպանատան առջև հասավ իր կուլմինացիոն ավարտին:

Առաջին օրվա ընթացքում պաստառներ փակցվեցին Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը, որի արդյունքում սովի են մատնվում ավելի քան 30,000 երեխաներ: Այս քայլով վերահաստվում է, որ թեև Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է և այնուհետև անպատվորեն տեղի տվել, մենք, որպես ազգ ավելի ուժեղ ենք, քան ժամանակավոր դժբախտութունը, կարիքը, բռնությունը։

Երկրորդ օրը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության առջև կազմակերպվեց բողոքի ակցիա՝ պահանջելու Հայաստանի կառավարության հրաժարականը, որը թուրքական իշխանությունների հետ մեկտեղ նախապատրաստում է հայ ժողովրդի վերջնական բնաջնջումը: Այսօր Արցախը կորցնելու ցավը մեղմելու մի միջոց կա՝ մտածել դիմացի հայի ցավի մասին։ Հետևապես պահի անբեկանելի հրամայականը մեր միասնականությունն է Արցախահայության ախոյանի՝ Փաշինյանի հրաժարականին և անխուսափելի պատժին հասնելու ճանապարհին:

Երրորդ օրը մայրաքաղաք Վաշինգտոնում գործունեություն ծավալող հարյուրավոր քաղաքական և հասարակական գործիչների ու կազմակերպությունների նամակներ են ուղարկվել հորդորելով բոյկոտել ադրբեջանական և թուրքական արտադրանքները: Այս քայլով մենք ևս մեկ անգամ ուշադրություն է գրավել Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի կողմից հալածանքների ենթարկվող ժողովրդավար արցախահայության հիմնահարցերի վրա:

Չորրորդ օրը կազմակերպվեց մոմավառություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան առջև՝ որպես խորհրդանշական ժեստ՝ հաջակցություն Արցախի Հանրապետությունում շրջափակման մեջ գտնվող 120,000 հայերի, ովքեր արդեն 202 օր անձնազոհաբար չեն լքում հայրենիքը: Մինչդեռ փաշինյանական խունտան շարունակում է մեզ հրամցնել, որ արցախահայությունը հուսալքվել է, իսկ Արցախը՝ ընկել: Մեր այս քայլով մենք հերքում ենք այդ սուտը և երդվում ֆիդայիների կողմից վառված ազատության կրակը սնելու եռանդով, նվիրումով և քաջությամբ:

 

Հինգերորդ օրը ՀՅԴ Երիտասարդական Միության «Անի» մասնաճյուղի անդամները արցախահայության վերաբերյալ մայրաքաղաք Վաշինգտոնում իրազեկում տարածելու նպատակով մեծ պաստառ փակցրեցին ճանապարհային վերնանցումի վրա:

 

Վեցերորդ օրը ՀՅԴ Երիտասարդական Միության «Անի» մասնաճյուղի անդամները արյան մեջ թաթախված ձեռքերի քանդակ «նվիրեցին» ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ԱՄՆ այցի ֆոնին: Այս «արյունոտ» քանդակը միտված է բանակցություններից առաջ վերհիշեցնելու դավաճանական խունտայի անդամներին իրենց ոճրագործությունները և այն գինը, որ դեռ պետք է վճարեն: 

Այս 7 օրյա գործողությունների շարքը իր տրամաբանական ավարտին հասավ չորեքշաբթի օրը՝ հունիսի 28-ին, ժամը 17:30-ին: Տասնյակ հայրենակիցներ բռնապետական Ադրբեջանի դեսպանատնից երթով շարժվեցին դեպի Հայաստանի դեսպանություն՝ պահանջելով ազատություն Արցախի Հանրապետությանը։

Ջոնս Հոպքինսի Առաջնորդության Խորհրդի նախագահ, ցուցարար Նվեր Սաղաթելյանի խոսքով՝ որևէ պայմանագիր չի կարող կայուն «գործել», քանի որ այն անմիջապես ենթակա է լուծման, երբ բավարար ուժ կկուտակենք, թեկուզև աշխարհաքաղաքական մղումները գաղափարախոսությունների նկատմամբ գոնե առժամանակ տիրապետող են դարձել։

Երթի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՅԴ Երիտասարդական միության «Անի» մասնաճյուղի ատենապետ Նայիրի Շահնազարյանը: Նա ընդգծեց, որ այսպես կոչված «խաղաղ բանակցությունների» ֆոնին 4 արցախահայերի կյանք արժեցած ադրբեջանական վերջին հարձակումը վերահաստատեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը որևէ պարագայում մտադիր չի խաղաղության հետամուտ լինելու:

 

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն ժամանելուց անմիջապես հետո ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի անդամ Սոսի Բուրուջյանը դատապարտեց փաշինյանական ռեժիմի անխոհեմ ու անպատասխանատու գործողությունները և պնդեց՝ մենք, անշուշտ, չենք խախտի Հայ դատի առաջխաղացման մեր անսասան առաքելությունը: Ապա եզրափակելով իր խոսքը ասաց՝ «արար աշխարհ թող իմանա. Հայը միշտ կա և կմնա»: