Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս Armenian Mirror-Spectator-ում կարդացի մի շատ կարևոր հոդված, որտեղ Արամ Արքունը հարցազրույց է վերցրել ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինից, որը ներկայումս շրջագայության է Կանադայում և Միացյալ Նահանգներում: Նա արդեն հանդիպումներ է ունեցել հայերի հետ՝ հունիսի 3-ին Կանադայի Տորոնտո քաղաքում, իսկ հունիսի 11-ին` Նյու Յորքում: Նա նաև հանդիպել է Human Rights Watch-ի, Amnesty International-ի և Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ՝ նրանց տեղեկացնելու Արցախում տիրող ծանր իրավիճակի մասին:
Լապշինը ծնվել է Ռուսաստանում և 13 տարեկան հասակում տեղափոխվել Իսրայել։ Նրա կինը Մոլդովայից է և Իսրայել է տեղափոխվել 14 տարի առաջ։ Այնուամենայնիվ, 2017 թվականից նա դեռ սպասում է Իսրայելի քաղաքացի դառնալու հաստատմանը։
2011-ից 2016 թվականներին Հայաստան կատարած իր բազմաթիվ այցերի ընթացքում նա երեք անգամ մեկնել է Արցախ: Ադրբեջանի կառավարությունը նրան ձերբակալելու հրաման է տվել և Բելառուսից պահանջել նրան ուղարկել Բաքու՝ Հայաստանից «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու» համար։ 2017 թվականին Բելառուսը նրան արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ «նա դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման, սակայն սեպտեմբերին նրան ներում են շնորհել և ինքնաթիռով ուղարկել Իսրայել, ինչպես ինքն է ներկայացնում, բանտում չորս դիմակավորված անձանց կողմից սպանության փորձից հետո։ Ադրբեջանի կառավարությունը, սակայն, հայտարարել է, որ նա փորձել է ինքնասպան լինել», զեկուցել է Արքունը:
Լապշինն ասաց, որ Իսրայելի Անվտանգության գործակալությունը իրեն բազմիցս հորդորել է դադարեցնել աջակցել Հայաստանին, քանի որ «Ադրբեջանը մեր դաշնակիցն է»։ Նրան խորհուրդ են տվել նաև հետ վերցնել Ադրբեջանի դեմ իր բողոքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից և ՄԱԿ-ից։ Լապշինը պատասխանել է. «Ոչ, ոչ մի դեպքում։ Ես գնալու եմ մինչև վերջ և հաղթելու եմ»։
2021 թվականի մայիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հօգուտ Լապշինի վճիռ կայացրեց ընդդեմ Ադրբեջանի՝ սպանության փորձի, խոշտանգումների և ապօրինի ազատազրկման մեղադրանքով։ Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նրան վճարել 30 հազար եվրո փոխհատուցումը։ «Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն 2022 թվականի հուլիսի 19-ին բանաձև ընդունեց՝ դատապարտելով Բելառուսի իշխանություններին՝ Լապշինին ապօրինի ձերբակալելու և նրան Ադրբեջանին արտահանձնելու համար», գրել է The Mirror-ը։
Լապշինը Mirror-ին ասաց, որ իր քննադատությունների պատճառով չի կարող այցելել Ռուսաստան և նախկին խորհրդային երկրներ՝ «բացի Հայաստանից», սակայն հավելեց. «Ես պարզապես ասացի, բացի Հայաստանից, բայց ո՞վ գիտի։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի մեծ ազդեցության տակ»։
«Լապշինը շարունակում է հետամուտ լինել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ իր սեփական գործին, սակայն պատրաստ է օգնել նաև Հայաստանին։ Նա ասաց, որ հասկացել է՝ «ավելի լավ կլինի ինձ, իմ ընտանիքի և մեր անվտանգության համար մի կողմ թողնել դա և շարունակել մեր հին կյանքը»: Այնուամենայնիվ, նա շարունակեց. «Ես պարզապես չեմ կարող թողնել այն, ինչ անում եմ հօգուտ Հայաստանի և Արցախի, քանի որ Հայաստանում շատ ընկերներ ունեմ։ Նրանցից մի քանիսը զոհվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Ես իրականում սիրում եմ այս երկիրը, ուստի Հայաստանում ինձ իմ երկրորդ տանն եմ զգում», հաղորդում է Արքունը։ Լապշինը հավելեց. «Վեց միլիոն հրեա սպանվեց Հոլոքոստի ժամանակ։ Իրականում շատ հայեր աջակցել են հրեաներին և փրկել նրանց կյանքը:
Այսպիսով, ես նույնն եմ զգում»:
Լապշինը Mirror-ին ասաց. «Իհարկե, ես ոչ մի աջակցություն չեմ ստանում Հայաստանի կառավարությունից»: Ավելին, այն փաստը, որ Հայաստանը, կանգնած լինելով գոյաբանական սպառնալիքի առջև, փորձում է խաղաղության պայմանագիր կնքել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, կարծես թե բարդ դրդապատճառներ է ստեղծում։ «Նույնիսկ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ փորձեցին ինձ համոզել, որ դա մի կողմ թողնեմ՝ ինչ-ինչ քաղաքական պատճառներով։ Այն, ինչ ես անում եմ Ադրբեջանի դեմ, ինչ-որ կերպ, ինչ-որ առումով, հակասում է Հայաստանի ներկայիս իշխանության ազգային շահերին… Ուստի այս կռվի մեջ ես ինձ մի քիչ միայնակ եմ զգում, բայց այս անգամ, բարեբախտաբար, ունեմ շատ ընկերներ, երկուսն էլ հայ ընկերներ և ամերիկացի և եվրոպացի ընկերներ, որոնք իրականում աջակցում են ինձ»։
«Հայաստանում գտնվելու ժամանակ Լապշինը հանդիպել է [Բաքվի] բանտում բռնաբարության ենթարկված մի քանի նախկին ռազմագերիների և փորձել համոզել նրանց գնալ իր հետ ԱՄՆ և Եվրոպա՝ ցուցմունք տալու այդ մասին, սակայն, Լապշինի խոսքերով, նրանք անհարմար էին զգում իրենց հետ կատարվածի մասին բացահայտորեն խոսելուց՝ ելնելով հայկական սոցիալական նորմերից կամ մշակույթից», զեկուցեց Արքունը։ Նախկին հայ ռազմագերիները Լապշինին ասել են. «խիստ նախազգուշացումներ են եղել Հայաստանի հետախուզական ծառայությունների կողմից, որ իրենք չշփվեն լրագրողների կամ իրավապաշտպանների հետ։ Կարելի է ենթադրել, որ եթե դա ճիշտ է, ապա այն պայմանավորված է Հայաստանի ներկա անորոշ իրավիճակով, որն ամեն ինչ անում է Ադրբեջանի կողմից նոր ագրեսիվ պատերազմից խուսափելու համար»։
Լապշինը ասաց Mirror-ին, որ ԱՄՆ հրեական համայնքի անդամները չեն աջակցում Հայաստանի համար իր իրավապաշտպան գործունեությանը։ Նրանք ասել են. «Ինչի՞դ է պետք Ադրբեջանի հետ գործ ունենալ, քանի որ Ադրբեջանն իրականում Իսրայելի դաշնակիցն է։ Հասկանում ենք, որ դու վատ փորձառություն ես ունեցել Ադրբեջանի հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է գլոբալ մտածել։ Սա ռեալպոլիտիկ է։ Այն, ինչ դու անում ես Ադրբեջանի դեմ, հակասում է Իսրայելի ազգային շահերին»։
Լապշինը ափսոսանք հայտնեց, որ ամերիկյան «հայկական համայնքն այդքան պառակտված է և թույլ»։ «Կա անվստահություն Հայաստանի կառավարության և միմյանց նկատմամբ», ասաց նա, և այս իրավիճակը նրան ստիպեց հոգեպես ընկճված զգալ», զեկուցեց Արքունը:
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ինձ հրավիրել իրավապաշտպանների կամ քաղաքական գործիչների հետ հանդիպումների նույնիսկ պետական մակարդակով, ես ավելի քան ուրախ կլինեմ», ասաց Լապշինը Արքունին: Տորոնտոյից և Նյու Յորքից հետո նա մեկնելու է Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Սակրամենտո, Լաս Վեգաս, Սիեթլ, Պորտլենդ, Դալլաս, Մայամի և հավանաբար Չիկագո, ինչպես նաև Վանկուվեր, Կանադա։ Այս տարվա վերջին նա նախատեսում է կրկին այցելել Հայաստան։ Սակայն նա հավելեց, որ քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով, «Ես երբեք չեմ կարող իմանալ՝ արդյոք ինձ թույլ կտա՞ն մուտք գործել Հայաստան»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի