կարևոր
5041 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-23 13:36
Իրավական

Պատերազմին մասնակից լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել և մոտ 8 միլիոն դրամ հափշտակել. ՔԿ

Պատերազմին մասնակից լինելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել և մոտ 8 միլիոն դրամ հափշտակել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համապատասխան ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է 44-օրյա պատերազմին չմասնակցած բազմաթիվ անձանց պատերազմին մասնակից լինելու, ինչպես նաև պատերազմին մի խումբ անձանց իրական մասնակցության ժամկետից ավելի երկար ժամկետների մասին կեղծ տվյալներով փաստաթղթեր կազմելու և դրանք օգտագործելու միջոցով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանցավոր սխեմա։

Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«Մասնավորապես, «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ Կոտայքի մասնաճյուղի ղեկավար և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ նախագահ Կ. Գիլոյանը, շահադիտական նպատակներով 2020թ. դեկտեմբերին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանից և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանից պահանջել է իրեն տրամադրել 2020թ. 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում նրանց ղեկավարած ջոկատների անձնակազմերի, ինչպես նաև նշված գործողություններին չմասնակցած անձանց մասին տվյալներ։ Ի պատասխան՝ նշված անձինք Կ. Գիլոյանին են տրամադրել միայն իրենց հրամանատարությամբ Արցախի Հանրապետություն մեկնած անձանց տվյալները:

Այնուհետև Կ. Գիլոյանը «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ նախագահին է ներկայացրել ինչպես հիշյալ անձանց կողմից նշված, այնպես էլ պատերազմական գործողություններին մասնակցած և չմասնակցած այլ անձանց վերաբերյալ կեղծ տվյալներ, որոնք, ի թիվս այլ անձանց, ներառվել են ԱՀ նախագահին 21.12.2020թ. հասցեագրված գրությանը կից ընդհանուր 107 անձանց վերաբերյալ ներկայացված ցուցակում։ Դրա հիման վրա ԱՀ Ազգային ժողովի նախագահը ԱՀ զինվորական կոմիսարին հանձնարարել է հիշյալ ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել մարտական գործողություններին մասնակցության մասին տեղեկանքներ: Գրությունն ուղարկվել է ՊԲ համապատասխան զորամասեր, այդ թվում՝ թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ նոր ժամանակավոր տեղակայման վայրեր:

Օգտվելով այն հանգամանքից, որ այդ զորամասերից մի քանիսը անցել են թշնամու վերահսկողության տակ՝ պատերազմին մասնակցած անձանց հավելյալ օրերի, այնպես էլ պատերազմին չմասնակցած անձանց մասնակցության և դրա հիման վրա վճարման կեղծ հիմքեր ստեղծելու շուրջ Կ. Գիլոյանը նախնական հանցավոր համաձայություն է ձեռք բերել Վ. Սարգսյանի, իսկ վերջինս նաև Ա. Ավանեսյանի հետ՝ յուրաքանչյուր հավելագրման դիմաց վերջինիս 3000-5000 ՀՀ դրամ վարձատրության պայմանով:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Վ.Սարգսյանն ինչպես առանձին, այնպես էլ Ա. Ավանեսյանի հետ միասին 2021թ. հունվար-մարտ ամիսներին այցելել են թշնամու վերահսկողության տակ անցած զորամասերի՝ ժամանակավոր տեղակայման նոր վայրեր։ Օգտվելով այն հանգամանքից, որ նշված զորամասերում բացակայում են զինապարտների կամ կամավորների համալրման վերաբերյալ անվանացուցակները և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը՝ նրանք, ներկայանալով որպես վերոնշյալ ՀԿ-ի անդամներ և, օգտագործելով կեղծ տվյալներ պարունակող վերոնշյալ գրությունը, պահանջել են ներկայացված անձանց ներառել զորամասի անձնակազմի ցուցակներում և տրամադրել այդ հանգամանքը հաստատող հրամանների հիման վրա տրված տեղեկանքներ, ինչը կատարվել է:

Արդյունքում, ստեղծված կեղծ հիմքերի հիման վրա պատերազմին չմասնակցած 21 անձանց և Կ.Գիլոյանին 2021թ. հունվար-հուլիս ամիսներին փոխանցվել է 3.775.836 ՀՀ դրամ գումար։ Իսկ պատերազմին մասնակցած, սակայն մասնակցության օրերը հավելագրված 53 անձի նույն ժամանակահատվածում փոխանցվել է 4.097.479 ՀՀ դրամ գումար․ ընդհանուր՝ 7.875.315 ՀՀ դրամ:

2021թ. փետրվարին «Երդվյալ ազատամարտիկների միություն» ՀԿ-ի Սևանի մասնաճյուղի ղեկավար Վ. Սաղաթելյանը և «Հայրենանվեր Մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Գ. Մարգարյանը, Վ.Սարգսյանից տեղեկանալով վերոնշյալ հանցավոր մեխանիզմի կիրառման մտադրության մասին, համաձայնվել են, որ հավելագրված գումարներ փոխանցվելու դեպքում, պատերազմին մասնակցած իրենց ջոկատների ընդհանուր 53 անձանցից 37-ը դրանք կկանխիկացնեն և գումարի հավելագրված մասը կփոխանցեն նրանց, ինչն իրականացվել է, և հավելագրված ընդհանուր շուրջ 2մլն ՀՀ դրամ գումարը, Վ. Սաղաթելյանի և Գ. Մարգարյանի կողմից փոխանցվել է Վ. Սարգսյանին ու վերջինիս հանցակիցներին:

Վերոգրյալ հանցավոր արարքները չբացահայտվելու և հափշտակված գումարների հիմքերն օրինականացնելու նպատակով Կ. Գիլոյանը 2021թ. մարտի 15-ին իր ղեկավարած ՀԿ-ի անունից նախկին կեղծ գրությանը գրեթե նույնաբովանդակ 2 գրություններ է հասցեագրել ՊԲ հրամանատարին, ինչպես նաև Վ. Սարգսյանի հետ համատեղ արդեն իսկ կեղծված փաստաթղթերն իրացրել են մի շարք անձանց, ովքեր դրանք ներկայացրել են ԶՀԾ ստորաբաժանումներ:

Բացի այդ, հիշյալ քրեական վարույթի շրջանակներում գործով անցնող Վ. Սարգսյանին պատկանող՝ Աբովյան քաղաքում գտնվող բնակարանում իրականացվող խուզարկության ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ Ա.Ներսիսյանը, նշված քննչական գործողությունը կատարող քննիչի կողմից ներգրավվել է որպես ընթերակա։ Վերջինիս պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իր պարտականությունների, որպես ընթերակա՝ այդ պարտականությունները չկատարելու դեպքում հնարավոր պատասխանատվության մասին։ Սակայն վերջինս գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով, չի հայտնել իր և Վ.Սարգսյանի միջև առկա մտերիմ կապի և պետությունից խարդախությամբ գումարներ հափշտակելուն վերջինիս իր կողմից օժանդակելու մասին։ Ավելին, Ա. Ներսիսյանը, առանց նշված քննչական գործողությունը կատարող քննիչի թույլտվության, խուզարկության վայրից վերցրել է առգրավման ենթակա մի շարք փաստաթղթեր և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ. Գիլոյանին, Վ. Սարգսյանին և Ա. Ավանեսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով: Գ. Մարգարյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով, Վ. Սաղաթելյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Ա. Ներսիսյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասով: Վ. Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ։

Պետությանը պատճառված 7.875.315 ՀՀ դրամ վնասից 5.207.825 ՀՀ դրամը վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: