կարևոր
2326 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-25 12:07
Քաղաքական

Գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք կա. «Փաստ»

Գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք կա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Այն, ինչ օրերս Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց լրատվամիջոցների հետ զրույցում, իհարկե, նորություն չէր։ Նա հասցրել է բազմիցս խոսել այդ մասին՝ հիշատակելով Ալմա Աթայի հռչակագիրը, նշելով, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ որոշ դեպքերում մանիպուլացնելով Մադրիդյան սկզբունքները, թե իբր դրանով Արցախն արդեն իսկ ճանաչված է եղել որպես Ադրբեջանի մաս։ Հարցն այն է միայն, որ եթե նախկինում ամեն ինչ ասվում էր անուղղակի, բայց ընկալելի ձևով, ինչի մասին գոնե լրատվամիջոցները բազմիցս գրել են՝ նշելով, որ նա ձեռքերը լվանում է Արցախից, այս անգամ Փաշինյանն ուղղակի ավելի բաց ու «հանրամատչելի» հայտարարեց այդ մասին։ Եվ պատահական չէ, որ նա հստակ թվերով արձանագրում էր, թե քանի քառակուսի կմ է Ադրբեջանի տարածքը։ Ավելին, Արցախի հետ մեկտեղ նշվեց նաև անկլավները հանձնելու մասին։

Կրկնում ենք՝ սա շատերի համար նորություն չէր: Սակայն առավել հետաքրքիրն այն է, որ, ի հակադրություն նրա խոսքերի, դժգոհության ու զայրույթի ալիքը հիմնավոր տեղավորվեց միայն լրատվամիջոցների, սոցցանցային գրառումների և հայտարարությունների դաշտում։ Զուգահեռ տարբեր անհատների և ուժերի կողմից միմյանց ուղղված մեղադրանքներ հնչեցին, թե բավարար քայլեր չեն իրագործվել իշխանափոխության հասնելու ճանապարհին։ Այնինչ, միմյանց մեղադրելն այս պահին որևէ հարց չի լուծում։ Պետք է հասկանալ, որ որոշակի քայլ կատարածները գոնե փորձ արել են՝ առկա հնարավորությունների և հասարակական ընդվզման ծավալներին համապատասխան, դեռ մի բան էլ ավելի: Թե ինչու չի ստացվել, այլ խոսակցության առարկա է. դրա մասին մեկ անգամ չէ, որ անդրադարձ եղել է: Հիմա վիճակն այնպիսին է, որ նույն այդ ոչ հեռավոր անցյալի համար ոչ թե մեղավորներ փնտրել է պետք, այլ մանրամասն հասկանալ պատճառներն ու հաշվի առնել դրանք:

Մյուս կողմից՝ հատկանշական է, որ իրական ընդդիմության՝ լինի դա խորհրդարանական, թե արտախորհրդարանական ուժերի դեմքով, նրանց ներկայացուցիչների հայտարարություններում «կարմիր թելի» պես անցնում է այն միտքը, որ այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտ է ազգային համախմբում։ Ընդ որում, բոլոր այս ուժերը համախմբման անհրաժեշտությունը պայմանավորում են Փաշինյանի իշխանությունից ազատվելու, իրադարձությունների ընթացքը փոխելու և իրավիճակը հեղաշրջելու հետ։ Եվ, կարծես, ոչ մեկն այս հարցում տարակույս չունի, բայց խնդիրն այն է, որ հայտարարություններից այն կողմ՝ գործնական հարթության վրա, գոնե այս պահին այդ համախմբումը տեսանելի չէ։ Իսկ դրա համար պետք է քայլ արվի, ու կարևոր չէ՝ ում կողմից։ Ու պետք է, որ այդ քայլը կատարեն ոչ թե այն ուժերը, որոնք չեն կարողանում անգամ 10 հոգի փողոց դուրս բերել, այլ այն քաղաքական միավորներն ու գործիչները, որոնք կշիռ ունեն և իսկապես պատրաստ են համախմբվել՝ մի կողմ դնելով մանր-մունր հարցերի շուրջ տարաձայնությունները, նախկինի արհեստական «ստվերը», թող պաթետիկ չթվա՝ հանուն Հայրենիքի։ Բացի դրանից, նպատակներին հասնելու ճանապարհին գործողությունների ռազմավարության ու մեթոդաբանության փոփոխությունների կարիք է զգացվում։

Պատերազմից հետո ընդդիմության հանրահավաքների ժամանակ հիմնական շեշտադրումն այն էր, որ իրենք իշխանության կռիվ չեն տալիս, առաջնայինը երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին հեռացնելն է, որից հետո միայն կորոշեն, թե ինչ քայլեր են անհրաժեշտ։ Մյուս կողմից՝ չէր հայտարարվում այն առաջնորդի անունը, որը ստանձնելու էր պատասխանատվությունը իշխանափոխությունից հետո: Կրկնում ենք՝ այն ժամանակ դա գուցե արդարացված էր: Սակայն նաև պարզ է, որ առանց իշխանությունը վերցնելու ոչ ոք չի կարող փոխել ստեղծված իրադրությունը։ Ու այդ մասին պետք է պարզ, անկեղծ հայտարարել: Այսինքն, պետք է հստակ դրվի այսօրվա իշխող ուժին իշխանազրկելու և իշխանության գալու նպատակադրումը՝ ներկայացնելով, թե այդ դեպքում ինչ խնդիրներ են լուծվելու և ինչ փոփոխություններ են տեղի ունենալու։

Ու դա պետք է անել միասնական քաղաքական ձևաչափով, քանի որ առանձին անհատներն ու ուժերը չեն կարող վճռորոշ դերակատարություն ունենալ այս հարցում։ Բացի դրանից, եթե նախկինում, չնայած որոշակի փորձերին, իրական ընդդիմադիր և ազգային ուժերի կողմից ամբողջական համախմբում տեղի չի ունեցել մեկ միասնական թեկնածուի հարցում, ապա հիմա ժամանակն է առաջադրել կոնկրետ միասնական թեկնածուի։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ թեկնածուն ներկա պայմաններում լինի քաղաքականության մեջ ակտիվ դերակատարություն ունեցող անձնավորություն։ Կարևորը, որ տվյալ անձնավորությունը համապատասխան փորձ և որակներ ունենա: Հասկանում ենք՝ բարդ է լինելու փաշինյանական ավերակների վրա «թագավորելը», բայց անհնար ոչինչ չկա: Կշեռքի նժարին չափազանց ծանր արժեքներ են դրված...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում