կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-24 14:44
Քաղաքական

Փոփոխությունների կարիք կա, ու սա հասկանում են անգամ նրանք, ովքեր «ստեղծել» են այս իրավիճակը

Փոփոխությունների կարիք կա, ու սա հասկանում են անգամ նրանք, ովքեր «ստեղծել» են այս իրավիճակը

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը մեծ ցանկություն ունի նախագահի թեկնածու մասին ոչ թե կարծիք հայտնելու, այլ հարցեր ուղղելու՝ ինչպե՞ս է տեսնում իրեն այդ պաշտոնում, ինչպե՞ս է վերաբերվում հազար ու մի հարցերին, որոնք կան մեր երկրում, արդյո՞ք պատրաստ է արտահայտել իր կարծիքը, եթե դեմ լինի քաղաքական ինչ-որ իրավիճակի: Այսօր լրագրողների հետ  զրույցում, խոսելով ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածուի՝ Արմեն Սարգսյանի մասին, նա հուսյ հայտնեց, որ այդ հարցերը Սարգսյանին ուղղելու առիթ կլինի: Ավելին, ըստ Բաբայնի, հենց  Սարգսյանի գործունեությունը հնարավորություն կտա գնահատական տալու նրա անձին:

«Կարծում եմ, չնայած մեր անցյալը շատ կարևոր է մեր ներկայի համար, բայց 2018-ի Արմեն Սարգսյանը 1996-ի Արմեն Սարգսյանը չէ, ինչպես մենք՝ բոլորս: Վերջին 20 օրվա ընթացքում ես մի քիչ կարծիքս փոխել եմ նախագահի պաշտոնի վերաբերյալ. մինչ այդ ավելի թեթև էի նայում այդ պաշտոնին՝ մտածելով, որ որևէ գործառույթ չունի, զուտ ներկայացուցչական պաշտոն է: Սակայն հիմա մտածում եմ, որ ներկայացուցչական պաշտոնը քիչ բան չէ: Վաղը, մյուս օրը լրագրողներդ տարբեր հարցեր եք ուղղելու նրան, իսկ նա ստիպված է լինելու պատասխանել, և նրա պատասխաններից շատ բան է կախված լինելու»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ եթե նրա պատասխանները լինեն զուտ կուսակցական գծի մեջ, նախագահի պաշտոնը շատ շուտ կվարկաբեկվի, քանի որ չկան վարկաբեկված պաշտոններ, մարդիկ են իրենց գործունեությամբ վարկաբեկում կամ հակառակը՝ ազնվականացնում պաշտոնը:

Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ նշեց, որ ընդամենը ցանկություն ունի, որ մեր անկախ երկրի չորրորդ նախագահը, եթե նույնիսկ ընտրված լինի որպես մեկ կուսակցության թեկնածու, հիշի՝ Հայաստանում կա ժողովուրդ, և ժողովրդի հիշողությունը լավն է՝ հիշաչար ենք, ամեն ինչ հիշում ենք: «Արմեն Սարգսյանի վերաբերյալ իմ կարծիքը ոչ ոք չի հարցրել ու չի էլ հարցնի, այսինքն՝ նկատի ունեմ, որ սա ժողովրդական ընտրություն չի լինելու, այլ խորհրդարանական: Բնականաբար, տրամաբանական պատասխանն ինքնին գալիս է՝ այս նախագահն առաջին հերթին պետք է իրեն առաջադրած կուսակցության պահանջները բավարարող մեկը լինի»,- ասաց նա:

Անդրադառնալով Բաբայանի առաջ քաշած մտքին, թե դեռ հնարավորությւոն կլինի, որպեսզի լրագրողներն իրենց հարցերն ուղղեն Արմեն Սարգսյանին, Խոդիկյանը նշեց, որ, հաշվի առնելով, թե քանի անգամ է լրագրողների համար մամուլի ասուլիս կազմակերպվում նախագահականի կողմից, պետք է հույս տածել միայն, որ Սարգսյանն, իրոք, գոնե տարին երկու անգամ նման հանդիպում կկազմակերպի:

Հարցին, թե արդյո՞ք հույս կա, որ ընտրություններից, ասել է, թե փոփոխություններից հետո քաղաքական դաշտում դրական առումով ինչ-որ բան կփոխվի, Ռուբեն Բաբայանը պատասխանեց, որ  պարզ է միայն մեկ բան՝ այս ձևով շարունակել հնարավոր չէ, և սա բոլորն են հասկանում: «Այն, որ որոշակի փոփոխությունների կարիք կա ու այսպես այլևս հնարավոր չէ, հասկանում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր «ստեղծել» են այս ամբողջ իրավիճակը»,- ասաց նա:

Կարինե Խոդիկյանն էլ ի պատասխան նշեց, որ 10-15 տարի պահանջվեց՝ մինչև հասկացան, որ փոփոխությունների կարիք կա, և դեռ 10-15 տարի էլ կպահանջվի, որպեսզի հասկացածը կյանքի կոչեն: