կարևոր
2860 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-17 12:40
Քաղաքական

ԱՄՆ պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղարությունն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանում Եկեղեցի-իշխանություն հարաբերություններին

ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցը, ուր անդրադարձել է նաև Հայաստանում կրոնական ազատությունների բնագավառում անցած տարի տեղ գտած զարգացումներին: Հայտնում է Ամերիկայի ձայնը։

Փաստաթուղթը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա դերակատարությունը ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Այն նաև սահմանում է, որ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն պահպանել և զարգացնել իրենց ավանդույթները, կրոնը, լեզուն ու մշակույթը: Զեկույցը հիշեցնում է՝ երկրի նոր քրեական օրենսգիրքը, որն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից, արգելում է «խոչընդոտել կրոնի ազատության իրավունքը» և նախատեսում համապատասխան պատիժներ խախտումների դեպքում:

Հայաստանյան կրոնական փոքրամասնությունների մեծ մասը, ըստ պետքարտուղարության, պնդում է, որ, ընդհանուր առմամբ, իրենց նկատմամբ հանրային վերաբերմունքը դրական է եղել անցած տարվա ընթացքում, իսկ լրատվամիջոցներում իրենց վերաբերյալ բացասական լուսաբանումը բացակայում է կամ աննշան է: Արձանագրված դեպքերն էլ, ըստ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների, արտացոլում են առանձին հոգևորականների վերաբերմունքը, այլ ոչ թե Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը:

Զեկույցն անդրադարձել է նաև Հայաստանում եկեղեցի-կառավարություն հարաբերություններին՝ նշելով. «Մամուլը շարունակում է քննարկել այն, ինչը ներկայացվում է որպես Հայ առաքելական եկեղեցու և կառավարության հարաբերությունների վատթարացում, և որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը միտված կառավարության քաղաքականությանը»:

Ըստ փաստաթղթի, «կառավարությունը շարունակում է «Հայ առաքելական եկեղեցու պատմություն» դասընթացը դուրս բերել դպրոցական ուսումնական պարտադիր ծրագրից՝ համապատասխան պատմագիտական բովանդակությամբ նյութերը ներառելով հայագիտության ավելի լայն ուսումնական ծրագրում»:

ԱՄՆ պետքարտուղարության հրապարակման համաձայն, Հայաստանի հրեական համայնքն անցած տարի արձանագրել է հակասեմականության զգալի նահանջ՝ նախորդ տարվա համեմատ: Այդ ժամանակ Հայաստանում հակասեմական տրամադրությունների աճի հիմքում 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության զինատեսակների գործածությունն էր: Զեկույցը նկատում է, որ 2022թ․ փետրվարից հետո Ռուսաստանից Հայաստան եկած հարյուրավոր հրեաներ ունեցել են միայն դրական տպավորութուններ: