Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱՀ պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը և Խորհրդի անդամները հանդիպել են Հիմնադրամի աշխատակազմի և հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Պետական նախարարը ներկայացրել է վերջին մեկ ամսում կատարված ամփոփումների ու վերլուծությունների արդյունքները:
«Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն, որը պետք է կատարվի, այդ գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:
Ներդրումային հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է առաջիկա օրերին սկսել հին և ժամկետանց պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը, տալ ողջամիտ ժամկետ պարտավորությունը կատարելու համար, իսկ հակառակ պարագայում՝ նախապատրաստել հայցեր դատարան դիմելու և գումարի բռնագանձումն ապահովելու համար:
«Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, ապա անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում կձգտեք քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների շրջանակում հասնել վեճի կարգավորմանը»,- ասել է պետական նախարարը:
Պետական նախարարն ընդգծել է նաև, որ այդ գործընթացը ունենալու է հակադրվողների մի մեծ բանակ, դրա մասնակիցները արժանանալու են քննադատությունների, հնչելու են վիրավորական արտահայտություններ, առանձին քաղաքական կատարածուներ ստանալու են իրենց պատվերները և հարձակում գործելու հրամանները: Բայց պետք է առավելագույնս ազատ լինել նման բնույթի ազդեցություններից, բացարձակապես ուշադրություն չդարձնել դրանց և գործել այն գիտակցումով, որ հենց մեզ է վստահված Արցախի Հանրապետության պատմության ամենադժվար ժամանակներում ամենապատասխանատու և ծանր աշխատանքներից մեկը իրականացնելու առաքելությունը:
Պետական նախարարը անդրադարձել է նաև Հիմնադրամին պատկանող կազմակերպություններին ու դրանցում տեղի ունեցող գործընթացներին:
Հիմնադրամին պատկանող կազմակերպություններ կան, որոնք տևական ժամանակ գործունեություն չեն իրականացրել ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, մինչդեռ դրանց հոգաբարձուների խորհուրդների անդամները ստանում են միլիոնների հասնող վարձատրություն, և դա այն դեպքում, երբ այդ միջոցները ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում են պետության կողմից: Սա անընդունելի երևույթ է, պետական միջոցները պետք է օգտագործվեն խնայողաբար, ոչ թե ի շահ ինչ-որ մարդկանց»:
Հանդիպման արդյունքում որոշվեց առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնել՝ Հիմնադրամի գործունեության հետ կապված այլ խնդիրներ քննարկելու համար: