Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Հայաստանի խոշորագույն ոլորտներից մեկը՝ կաթնարդյունաբերությունը, լուրջ խնդրի առաջ է կանգնած, զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից։
Նա հարցով դիմեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ ե՞րբ է լուծվելու այդ հարցը, ոչ թե ի՞նչ եք անում։
«Մեր գնահատմամբ, սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է։ Այսինքն, այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզորը», հակասում է ԵԱՏՄ ներսում առևտրի կանոններին, և մենք հիմա այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ, բացի այդ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով կկարողանանք հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, լուծել այս հարցը»,- ասաց նախարարը։
Քերոբյանն ընդգծեց, որ որևէ ժամկետ չի ասի, աշխատում են, պետք է փորձեն հնարավորինս արագ բացել։
Գեղամ Մանուկյանն արձագանքեց. «Փաստորեն, ինչպես շատ հաճախ է լինում կառավարության գործունեության մեջ, էլի մեղավորները, որքան հասկանում եմ, ռուսներն են։
Ազգային ժողովի այս դահլիճում տարիներ առաջ, երբ կառավարությունն էլի գեղեցիկ թվերի մասին էր խոսում, հանգուցյալ մեր ընկեր Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, որը մնաց քաղաքական արտահայտությունների անթոլոգիայում՝ «եթե ամեն ինչ այսքան լավ է, ապա ինչու է այսքան վատ»»։