Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես հայտնի է, Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի մարտի 31-ի նիստի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅ Դաշնակցության անդամ Մհեր Սահակյանի միջեւ։
Մենք գրել էինք, որ վիճաբանությունը եղել է այն բանից հետո, երբ փակ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները, հանձին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի, խոսել է Հռոմի կոնվենցիայի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուց՝ ասելով, թե այս իշխանությունները կրկին փորձանք են բերում: Այս խոսքերին արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, հայտարարել, թե ՀՅԴ-ն է փորձանք բերել, ինչին հետեւել են ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի խոսքերը. «Մի՛ գոռա, ձայնդ մի՛ բարձրացրու»:
Վարդանյանը հակադարձել է. «Ում վրա ուզեմ, գոռալու եմ, ինչ ուզեմ, անելու եմ»: Վարդանյանը նետվել է դեպի Մհեր Սահակյանը ու ինչ-որ բան ասել, վերջինս էլ հարվածել է։
Եվ, ահա, այդ դեպքից ժամեր անց Ազգային ժողովի շենքում գործող տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները տարածվեցին համացանցում եւ սոցիալական կայքերում: Ընդ որում՝ այդ տեսաձայնագրություններն առաջինը տարածել էին իշխանության ներկայացուցիչներին պատկանող լրատվական կայքերը:
Ուշագրավ է, սակայն, որ ամենաակտիվն այս հարցում եղել է medianews-ը, որի հիմնադիրը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն է, այսինքն՝ նա օգտագործել է իր լծակները՝ այդ տեսանյութերը ունենալու եւ առաջինը տարածելու համար:
ArmLur.am-ը փորձել էր հենց Տարոն Չախոյանից հասկանալ, թե ինչպես է այդ տեսանյութն առաջինը հայտնվել իրեն պատկանող լրատվամիջոցում, սակայն վերջինս հայտարարեց. «Շատ բան են կապում իմ անվան հետ, դա դեռ չի նշանակում, որ ես կապ ունեմ»։ Իհարկե, նա փորձում է հերքել թե՛ իր կապ ունենալը, թե՛, որպես պաշտոնյա, իր լծակներն օգտագործելով այդ տեսանյութը ստանալու հանգամանքը. փաստերն ինքնին խոսուն են:
Հավելենք, որ այս հարցով Ազգային ժողովում ծառայողական քննություն է սկսվել՝ հասկանալու համար, թե ինչպես են տեսախցիկների տեսագրությունները տարածվել: Այս մասին մեզ հայտնել էր ԱԺ լրատվական ծառայության պետ Լաուրա Անտոնյանը:
ArmLur.am-ը հետամուտ կլինի այս հանգամանքին՝ պարզելու, թե ՊՊԾ ենթակայությամբ կառավարվող տեսախցիկների նկարահանածը ինչպես հանրային դաշտ մտավ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում