կարևոր
4528 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 21:19
Արցախ

Արցախին սպառնում է բռնագաղթ. Շիրակի թեմի առաջնորդ

Արցախին սպառնում է բռնագաղթ. Շիրակի թեմի առաջնորդ

Այս ամենն այն ամենի շարունակությունն է, ինչի մեջ էինք չորս տարի։ Շարունակաբար ասել եմ, որ ավելի է վատանալու, ասել եմ՝ Արցախին սպառնում է բռնագաղթ և շարունակում եմ ասել։ Քանի դեռ այս իշխանություններն են, ավելի է վատանալու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղին փակ պահելուն, ինչով փաստացի Արցախը շրջափակման մեջ է հայտնվել։

Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ ադրբեջանցիները իբրև բնապահպանության պատրվակով փակել են Հայաստանն Արցախին կապող միակ մայրուղին, ինչի հետևանքով 120 հազար մարդ հայտնվել է շրջափակման մեջ, մոտ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա։ Ավելին, Արցախը շրջափակման մեջ վերցնելուց հետո ադրբեջանցիները դադարեցրել են Արցախի գազամատակարարումը՝ արցախահայությանը կանգնեցնելով հումանիտար հերթական աղետի առջև։

«Եթե ազգը չունի իմունիտետը, կարողունակությունը՝ Ցեղասպանությունը կանխելու, ես ինչ կարող եմ անել։ Պետականությունը, ուժային մարմիններն ի վիճակի չեն որևէ բան անելու, Շիրակի թեմի առանորդն ի՞նչ պետք է անի։ Ինչ-որ բան ենք ասում, ասում են՝ քաղաքականությամբ են զբաղվում, բայց ի՞նչ անեմ, թողնեմ, որ երկիրը պարտվի, Արցախը բռնագաղթի ճանապարհ բռնի։ Բռնագաղթն ինքը ցեղասպանություն է, ցեղասպանությունը միայն ոչնչացումը չէ ֆիզիկական, այսօրվա դրությամբ՝ Բերձորի, Հադրութի, Շուշիի, Քարվաճառի ժողովուրդը ցեղասպանության են ենթարկվել։

Պետությունն իր քաղաքացիների մասին չի մտածում։ Արցախի քաղաքացիները ՀՀ քաղաքացիներ են, նրանք ՀՀ անձնագիր ունեն, այդ քաղաքացիների անվտանգությամբ այս երկիրը պե՞տք է զբաղվի, թե ոչ»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը։

Աղբյուր` Փաստինֆո