Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Դեկտեմբերի 3-ին քաղաքացիական հագուստով ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում մի քանի ժամով փակեցին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: «Պատճառաբանությունը», ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այն էր, որ այդ անձինք ուզում էին ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու ողջ տարածքում հանքարդյունահանման եւ էկոլոգիական մոնիթորինգ իրականացնել ու հետաքննության համար նյութեր հավաքել, որպեսզի հասկանան, թե հանքերը որքան են օգտագործվել, ինչ էկոլոգիական հետեւանքներ են առաջացել, դրանց որ մասն է վտանգավոր եւ այլն։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանն իրավունք ունի նման գործունեության, քանի որ մտադիր են անօրինական կերպով «օկուպացիայի ժամանակաշրջանում» հանքերի արդյունահանման եւ այլնի հետ կապված հայց հարուցել միջազգային դատարան եւ հայկական կողմից հետ ստանալ իրենց կորսված եկամուտը։
Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ խոսքը Կաշենի հանքավայրի մասին է, որի պոմպակայանը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կաշենի հանքը շահագործում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն։ Ժամանակին այս ընկերությունը շահագործել է նաեւ Կաշենից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, վերջինի պաշարների սպառվելուց հետո «Բեյզ Մեթըլս»-ը ձեռնամուխ է եղել Կաշենի լեռնահանքային համալիրի կառուցմանը։ Դրմբոնի հանքը, ի դեպ, եւս մնացել է Արցախի վերահսկողության տակ։
«Բեյզ Մեթըլս» ընկերությունն Արցախի խոշորագույն հարկատուն է, 2019 թվականին Արցախի պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր։
Ադրբեջանցիները բնապահպանական կեղծ ակցիայով փորձում են Արցախի գոյատեւման բոլոր ուղիները կտրել, եկամտի բոլոր աղբյուրները փակել՝ այդպիսով հայաթափելով Արցախը։ Արցախի բնապահպանության կենտրոնը, արձագանքելով հարեւան «բնապահպանների» ակցիային, հավաստիացրեց, որ ԱՀ բնապահպանության կոմիտեն՝ որպես պետական լիազոր մարմին, պատշաճ կերպով վերահսկում է ընդերքօգտագործող ընկերությունների գործունեությունը: Ավելին՝ պատրաստակամություն հայտնեց միջազգային փորձագետների ներգրավմամբ հերթական ուսումնասիրությունն իրականացնել։
Վարկածներից մեկի համաձայն էլ՝ ադրբեջանցիները փողոցային ճնշման ներքո փորձում են Սոթքի հանքավայրին վերջնականապես տիրանալ, թեեւ հայտնի է, որ պատերազմից հետո հանքի այն մասը, որտեղ դեռեւս հանածո կա, արդեն անցել է ադրբեջանական վերահսկողության ներքո, չնայած ենթակառուցվածքները եւ հանքարդյունահանման ողջ կարողությունները գտնվում են մեր տարածքում՝ «Գեոպրոմայնինգ» ընկերության ենթակայության ներքո։
Ի դեպ, հանքարդյունահանման համար ադրբեջանական կողմն ահռելի ներդրումներ պետք է իրականացնի, եւ ընկերության ռուսական տնօրինությունը վստահ է, որ նման ծախսերի չեն գնա, հակառակը՝ առաջիկայում իրենց հետ համաձայնության կգան եւ հանքի շահագործումը կհանձնեն իրենց։
Վերադառնալով նախօրեի ակցիային, շատերի կարծիքով՝ հերթական անգամ ադրբեջանական կողմը դիմում է սադրանքի՝ այս անգամ բնապահպանական ակցիայի անվան տակ փորձելով քաղաքական հարցեր լուծել։ Նաեւ՝ ցույց տալով, որ ռուս խաղաղապահներն էլ չեն կարող Արցախի անվտանգության երաշխավորը լինել, ու իրենք ցանկացած պահի կարող են վերջնականապես հրաժարվել նոյեմբերի 9-ի փաստաթղթից ու փակել Լաչինի միջանցքը։ Վերջնանպատակը Հայաստանին զիջումներ պարտադրելն է եւ Զանգեզուրի միջանցքը ստանալը։ Ուշագրավ է, որ երեկ Ալիեւն ընդունել է ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեւիտինին, եւ, ըստ հաղորդագրության, քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։
Այս հանգամանքով է պայմանավորված սահմանային վերջին լարվածությունը, ադրբեջանական ճնշման հետեւանք է նաեւ այն, որ հայկական կողմը դեկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմին փոխանցեց ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ եւ 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրերը։
Փետրվարի 21-ին Բաքվում՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպման ժամանակ, Ալիեւն անդրադարձել էր ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրին՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է «կառուցողական մոտեցում որդեգրի» 90-ականներին զոհված ադրբեջանցիների ճակատագրի եւ զանգվածային հուղարկավորության վայրերի հստակեցման հարցում։ Այն ժամանակ մեզ դա ֆանտաստիկայի ժանրից էր թվում, պարզվեց՝ ոչ․ Փաշինյանը կատարեց Ալիեւի հերթական պահանջը։ Իսկ հանձնումից 2 օր անց նոր միջադեպ հրահրեցին՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելով։
ԱՀ ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Մոսիյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած շուրջ երկու տարի ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի համաձայնագրով ձեռք բերված պարտավորությունները խախտել է, սակայն առաջին անգամ է, որ ադրբեջանցիները փակում են Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը՝ խարխլելով Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունը։ Մոսիյանն այստեղ խաղաղապահների առաքելությունն է տեսնում, որ սադրանքներ թույլ չտրվեն։
«44-օրյա պատերազմից հետո սադրանքները, պարտադրանքներն Ադրբեջանի իշխանությունների կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ շարունակվում են: Եթե ադրբեջանցիները մեկ անգամ իրենց մռութին ստանան, այլեւս առաջ չեն գա ՀՀ-ում կամ Արցախում»,- երեկ ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Հայաստանի իշխանությունը պետք է Արցախի գոյության հայեցակարգ մշակի, ուղղություններից մեկն էլ պետք է լինի արտաքին քաղաքականությունը, որի միջոցով պետք է հստակեցվեն հարաբերությունները խաղաղապահ ուժերի հետ: Իշխանություններին թվում է՝ եթե լռենք, չըմբոստանանք, մեր շահերն առաջ չտանենք, թուրք-ադրբեջանական տանդեմը հանգստանալու է, բայց, ընդհակառակը՝ ախորժակն ուտելու ժամանակ է բացվում, նրանց շարունակական ճնշումներն Արցախի եւ Հայաստանի նկատմամբ շարունակվելու են»,- ասել է նա։
Իշխող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, սակայն, արտառոց չի որակում ադրբեջանցիների քայլը, չի բացառում, որ առաջիկայում եւս նման միջադեպեր կլինեն։ «Պետք է նկատել, որ նմանատիպ միջադեպեր, սադրանքներ կլինեն՝ նպատակ ունենալով անհարմարություններ ստեղծել մեր հայրենակիցների համար եւ հայաթափել Արցախը: Հետեւաբար, նման սադրանքներին պետք է սառնասրտորեն մոտենանք եւ տանք համապատասխան արձագանք։ Մինչեւ միջազգայնորեն չլուծվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են։ Այն ժամանակ էլ, երբ ապրում էին հարեւանությամբ, նմանատիպ միջադեպեր լինում էին, ես շատ էի Արցախ գնում՝ գիտեմ, հիմա կոնֆլիկտներն ավելի տաքացած վիճակում են։ Չպետք է երանգավորել այս հարցը, որ ինչ-որ արտառոց բան է եղել»,- ասաց Աղազարյանը։
ՀԳ․ Ակտիվ հանրությունը դեկտեմբերի 3-ի միջադեպի առթիվ դիպուկ համեմատություններ էր անում, որ մինչ ՀՀ իշխանությունները եվրատեսիլյան եւ նախատոնական եռուզեռի մեջ ընկղմված՝ Հայաստանի մայրաքաղաքում են փողոցներ փակում, թշնամին եւս փողոց է փակում, բայց դրանով անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծելով Արցախի ու Հայաստանի համար։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում