կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-08 21:29
Քաղաքական

Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն. Թրամփ

Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն. Թրամփ

«Քանի դեռ ես Միացյալ Նահանգների նախագահն եմ, Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- այս հայտարարությամբ Սպիտակ տանը հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իրանի կողմից Իրաքում ամերիկյան բազաների դեմ հարձակմանն ու իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը, տեղեկացնում է CNN–ը:

Իրանը տարիներ շարունակ աջակցել է ահաբեկչությանը, նշել է ԱՄՆ նախագահը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ կնքված պայմանագրի ժամկետը շուտով կսպառվի, ինչն էլ հնարավորություն կտա Իրանին միջուկային առաջնընթաց գրանցել: Իրանը պետք է մոռանա միջուկային զենքի շուրջ իր հավակնությունները և վերջ դնի ահաբեկչությանն աջակցելուն: Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ գործարք կնքելու ուղղությամբ, որն աշխարհն ավելի անվտանգ և խաղաղ կդարձնի»,- ասել է Թրամփը:

Անդրադառնալով այսօր ավելի վաղ ամերիկյան ավիաբազաների ռմբակոծմանը՝ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ ոչ մի ամերիկացի չի զոհվել, քանի որ ամերիկյան նախազգուշացման համակարգերըը շատ լավ են աշխատել: Հիշեցնենք, որ իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Էրբիլ և Անբար նահանգներում իրականացված ավիահարվածների հետևանքով 80 մարդ էր զոհվել:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառվեն։ «Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»,- հայտարարել է Թրամփը:

Խոսելով «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության մասին՝ Թրամփը հայտարարել է, որ «նա ահաբեկիչ էր և նոր հարձակումներ էր ծրագրում ամերիկյան ուժերի ուղղությամբ»:

«Նա ահաբեկիչների բանակ էր վարժեցնում, այդ թվում և «Հեզբոլլահը»: Նա արյունալի քաղաքացիական պատերազմներ է հրահրել ողջ տարածաշրջանում: Նա վիրավորել և սպանել է հազարավոր ամերիկացի զինվորականների»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:  

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն Միջին Արևելքի նավթի կարիքը չունի: «Մենք այժմ նավթի և բնական գազի թիվ մեկ արտադրողն ենք աշխարհում: Մենք անկախ ենք և Միջին Արևելքի նավթի կարիքը չունենք»,- հավելել է Թրամփը:

Խոսքն ավարտելուն պես վերջինս հեռացել է՝ չպատասխանելով լրագրողների հարցերին: