կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-24 22:21
Աշխարհ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար ալ–Ասադի հետ։ Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկոյ Կաթողիկոսությունից։

Պատվիրակության մեջ են եղել Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մասիս Եպս. Զոպույեանը, Հ.Յ.Դ. Լիբանանի կենտրոնական կոմիտեի եւ խորհրդարանի հայկական ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր  երեսփոխան Ժիրայր Ռեյիսյանը, Սիրիայի Հ.Յ.Դ. կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Վրեժ Եագուպյանը և այլք։

Նախագահ Ասադը ջերմորեն ողջունել է Վեհափառ Հայրապետին եւ իրեն ընկերակցող պատվիրակության այցը։ Նախագահը իր խոսքում հիշատակել է Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանություն եւ ընդգծել է, որ պատմությունը շարունակվում է Սիրիայում։ Նա նաև նշել է հայոց ներդրումը Սիրիայի զարգացման ու առաջադիմության մեջ եւ շեշտել, որ հայ համայնքը անբաժան մասնիկն է Սիրիայի հասարակության։ 

Արամ Ա կաթողիկոսը իր հերթին բարձր է գնահատել Սիրիայի աջակցությունը հայ համայնքի վերականգնման գործում։ Վեհափառ հայրապետը վստահեցրել է, որ Սիրիայի հայությունը ամեն գնով սատարելու է Սիրիայի վերականգնման աշխատանքներին։

Հանդիպումը առիթ է դարձել նաև քննարկելու տարածաշրջանում առկա սպառնալիքներն ու խնդիրները։ Ապա, նախագահ Ասադին ներկայացվել են դժվարությունները, որոնց առերեսվում է Սիրիայի հայությունը։

Հանդիպման ավարտին վեհափառ հայրապետը Սիրիայի նախագահին նվիրել է Բարձրբերդի Ավետարանի օրինակը և իր հեղինակած The Armenian Church գրքի արաբերեն թարգմանությունը։

Հայտնում են նաև, որ «Վեհափառ հայրապետը նոյն օրը յաջորդաբար այցելեց Սուրիոյ Կրօնից նախարար Ահմատ Ապտ Ալ֊Սաթար Ալ֊Սայէտին, վարչապետ Հուսէյին Արնուսին եւ Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ պետ Աֆրամ Բ. Պատրիարքին (Յոյն Ուղղափառ եւ Կաթողիկէ Եկեղեցիներու պետերը երկրէն բացակայ ըլլալնուն պատճառով անոնց հետ հանդիպում տեղի չունեցաւ)»։