Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ծնվել է 1924թ. մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ»՝ Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։
«Ֆրանսիան ազնավուրացված է»,-գրել է ֆրանսիական մամուլը։
Շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են Էդիտ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլաչիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։
Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»՝ 149 հազար ձայնով։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։
Նկարահանվել է ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլն։
Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստա՛ն», «Նրանք ընկան» (Ցեղասպանության վաթսունամյակին), «Ինքնակենսագրություն» երգերը։ Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը։
1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը։
2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: