կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 23:39
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեն հայտարարում, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում՝ մնացածը նիկոլություն է․ Իշխան Սաղաթելյան

Վաղն առավոտյան 8։00-ից անհանզանդության ակցիաները շարունակվելու են նոր թափով․ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին։

Նա կարևորեց, որ եթե այսօր ունեինք 60, ապա վաղը պիտի ունենանք 100 խումբ ակցիա իրականացնողներ։

Ով ընդգրկված չէ խմբերում՝ առաջարկեց վերցնել պատգամավորների հեռախոսահամարները, որ պայմանավորվեն, կամ 8։00  գան Ֆրանսիայի հարապարկ՝ միասին շարժվելու տարբեր ուղղություններով։

Նա խոսեց նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովին այսօրվա խաղաղ ակցիաներից բերման ենթարկելու և ձերբակալելու մասին։

«Նիկոլն ամեն ինչ անում է թուրքերին դուր գալու համար․ ժամանակին գործ հարուցեց Յուրի Խաչատորովի վրա, աշխատանքից ազատեց լավագույն կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովին, այսօր էլ Իգոր Խաչատուրովի հանդեպ է ուզում գործ հարուցել․ մի նպատակով՝ թուրքին դուր գալու։ Ուրեմն եկեք խոստանանք ապօրինի ձերբակալվածներին՝ այս պայքարը կանգ չի՛ առնելու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Այս օրերին իշխանությունը ու իր հատուկ հանձնարարություններով սպասարկուները կրկին ուզում են մոլորեցնել ժողովրդին՝ ասելով, որ Ադրբեջանի 5 առաջարկներին իրենք պատասխանել են 6 առաջարկներով՝ ասաց նա։ Նրանք մոլորեցնում են ժողովրդին, այնինչ այդ առաջարկների մեջ ընդամենը խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության մասին։

«Փորձում են կրկին ժողովրդի թիկունքում գնալ նոր գործարքների, ու, փորձելով համոզել, որ չէ՛, ժողովուրդ ջան, մեզ սխալ եք հասկացել՝ պահում ենք Արցախի ու Հայաստանի շահերը․ սո՛ւտ են ասում, մենք մի խնդիր ենք դրել, որ հստակ հայտարարեն՝ «չենք պատկերացնում որևէ լուծում, որով Արցախը կլինի Ադրբեջանի կազմում», այս ձևակերպումից մի բառ ավել կամ պակասը նիկոլություն է, հետևաբար, փորձ չանեք ժողովրդին մոլորեցնել։ Այո՛, Արցախի երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․