Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր, նոյեմբերի 30-ին, Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար
ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդին։ Դափնեկրի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով հետևյալը․
«Մեզ համար նոր տեխնոլոգիաները պատմական հնարավորություն են Հայաստանում իրականացնելու այն, ինչը մենք ցանկանում ենք իրականացնել, այն է` տնտեսական հեղափոխություն։ Դրանք նաև մարտահրավեր են բոլոր նրանց համար, ովքեր ուզում են քայլել մարդկության առաջընթացին համընթաց։
Հայաստանի և ընդհանրապես ողջ հայության համար այս ոլորտն ունի ռազմավարական նշանակություն։ Նախևառաջ, ապրելով աշխարհաքաղաքական բարդ տարածաշրջանում` մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաներն այն վիրտուալ կապն են, որ ապահովում են արտաքին աշխարհի հետ մեր անխափան հաղորդակցությունը, ինչո՞ւ չէ նաև մեր տնտեսական աճն ու զարգացումը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այն սակավաթիվներից է, որոնց զարգացման համար անհրաժեշտ չեն նավահանգիստներ, ելք դեպի ծով, հարուստ ընդերք: Դրա համար անհրաժեշտ է մարդկային կապիտալ: Իսկ դա այն ռեսուրսն է, որով Հայաստանը մշտապես աչքի է ընկել:
Մենք ոչ միայն ուրախ ենք այդ նոր բացվող հնարավորությունների համար, այլև պիտի ամեն ջանք գործադրենք այդ հնարավորություններից առավելագույնս օգտվելու ուղղությամբ։ Հենց այդ է պատճառը, որ ես մեր նոր ձևավորվող կառավարության առաջնային խնդիրներից եմ համարում Հայաստանն ագրարային, հանքարդյունաբերական երկրից տեխնոլոգիական երկրի վերածելը: Եվ բնավ նկատի չունեմ գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ուղղությամբ տարվող աշխատանքների դադարեցում: Ընդհակառակը, մենք պետք է տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների օգտագործմամբ զարգացնենք և նոր մակարդակի հասցնենք նաև մեր գյուղատնտեսությունը և հանքարդյունաբերությունը: Մենք պետք է ինովացիոն լուծումներով ոչ միայն դյուրացնենք համապատասխան ոլորտում և ընդհանրապես բոլոր ոլորտներում աշխատողների հոգսը, այլև բարձրացնենք արտադրանքի որակն ու արդյունավետությունը:
Այն, ինչ արել և անում են տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում, անհնար է մեկնաբանել այլ կերպ, քան հեղափոխություն։ Մենք հեղափոխականներ ենք, և հեղափոխություն բառով հասկանում ենք կտրուկ առաջընթաց, ոչ շաբլոն լուծումներ, նորարարություն, ինչպես նաև կյանքի ու աշխատաոճի երիտասարդացում։
Սիրելի պարոն Թրուշարդ,
Ես ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ այս մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Մեր համագործակցությունը Ձեզ հետ ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում Դուք՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի հայաստանյան գրասենյակի միջոցով արդեն իսկ հասցրել եք մեծապես նպաստել Հայաստանում ոլորտի զարգացմանը, երիտասարդ մասնագետներին միջազգային շուկաներում դրսևորվելու հնարավորություն եք ընձեռել:
Մենք Ձեզ ընկալում ենք որպես դաշնակից աշխարհն ավելի խելացի, ավելի ուժեղ, ավելի նորարար դարձնելու համամարդկային գործում։ Այս մրցանակով մենք նաև ցանկանում ենք օրինակ ցույց տալ մեր երիտասարդներին, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից մարդը և ինչ իդեալների հետևից պետք է գնա։ Այս մրցանակով մենք ցանկանում ենք նաև գնահատել Ձեր գործը և պարզապես մեծարել Ձեզ։ Եթե նույնիսկ Դուք չունեք դրա կարիքը, դրա կարիքն ունենք մենք։ Մենք հասարակություն ենք, որը գնահատում է մարդու աշխատանքը և ներդրումը, առավել և՜ս գնահատում է մեծ մարդու մեծ ներդրումը»։
«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ Ջեյմս Թրուշարդը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ՀՀ պետական մրցանակին արժանանալը: Նա ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և կարևորել «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության ներկայությունը Հայաստանում, մեր երկրի հետ համագործակցությունը և համատեղ ծրագրերը: Ջեյմս Թրուշարդն ընդգծել է, որ Հայաստանում այժմ գործունեություն են ծավալում ՏՏ ոլորտի համաշխարհային մի շարք խոշոր ընկերություններ և համոզմունք հայտնել, որ դրանց թիվը հետզհետե կավելանա: