կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 13:02
Քաղաքական

ԼՂ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է, սա տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ․ Փաշինյան

ԼՂ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է, սա տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ․ Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերը, բացի նրանից, որ ներխուժել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, շարունակում են Լեռնային Ղարաբաղի մի շարք գյուղերի բնակչությանն ահաբեկող ամենօրյա հայտարարություններ անել բարձրախոսներով․  Կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Սա նույնպես տեղի է ունենում խաղաղապահների աչքի առաջ: Իսկ բարձրախոսներով մարդկանցից պահանջում են լքել իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ուժի գործադրմամբ նրանց հեռացնել այնտեղից: Սա էթնիկ զտումների ակնհայտ պահանջ է»,- ասաց Փաշինյանը։
 
Նրա խոսքով՝ Հայ առաքելական քրիստոնյա հավատքի բնակչություն ունեցող գյուղերի բնակիչների համար նույնիսկ գիշերային ժամերին ադրբեջանցիները բարձրախոսներով մուսուլմանական ազան են միացնում:

«Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ, բայց այն, ինչ անում է Ադրբեջանը մարդկանց խղճի եւ կրոնի ազատության նկատմամբ, բռնություն է, կրոնական ատելություն հրահրելու միջոց եւ, ի վերջո, վիրավորում է մեր հայրենակիցների կրոնական զգացմունքները»,- ընդգծեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղը հայկական ամեն բանից ազատելու՝ Ադրբեջանի քաղաքականությանը։ Փաշինյանը հիշատակեց Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ փետրվարի 23-ին արած այն հայտարարությունը, թե «աղվանական հոգևոր տաճարների վրա հայերի գրած կեղծ հետքերի վերացման համար ստեղծվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած ալբանական պատմությունը, ճարտարապետությունը իմացող մասնագետներից»:

Վարչապետի խոսքով՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը հրապարակայնորեն և պաշտոնապես սկսում է իրեն հասանելի հայկական մշակութային ժառանգության նենգափոխումը, վերացումը:

«Եվ մշակույթի նախարարի հայտարարությունը ամենեւին էլ պատահականություն չէ: 2021 թվականի մարտի 16-ին Հադրութի շրջան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Ծակուռիի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու վերաբերյալ, հայտարարել է. «Հայերը ինչպես պղծել են մեր մզկիթները, այնպես էլ հին աղվանական տաճարներն էլ են պղծել: Բայց մենք կվերականգնենք։ Այս բոլոր գրությունները կեղծ են, հետո գրված գրություններ են»։ Ադրբեջանի այս քայլերը բացահայտ մարտահրավեր են ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021թ. դեկտեմբերի 7-ին կայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, որը հստակ կերպով պարտավորեցնում է Ադրբեջանին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտների դեմ»»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ այս բոլոր իրավիճակները պետք է պատշաճ միջազգային քննության եւ գնահատականի արժանանան:

«Միջազգային հանրությունից ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների հասցեական գնահատական, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ամեն օր ահաբեկվում է, բառիս բուն իմաստով՝ ամեն օր (ներառյալ՝ գազային ահաբեկչությունը), եւ դրա նպատակը նրանց իրենց տներից ու հայրենիքից տեղահանելն է»,- եզրափակեց Փաշինյանը։