Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղի է ունենում այն, ինչ ակնկալվում էր. Ադրբեջանը, օգտվելով Ուկրաինայի խնդրի վրա աշխարհի ուշադրության կենտրոնացումից, քայլեր է կատարում` ավարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագույն հանգրվանն սկսվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով:
Միաժամանակ, վերջին ամիսներին նկատելի էին 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը խոչընդոտող գործողություններ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից:
Այս օրերի արտասովոր ցուրտ եղանակին Արցախի գազամատակարարման խափանումով և Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժումով Ադրբեջանը հետապնդում է Արցախը հայաթափելու իր անթաքույց ծրագիրը:
Այս ծանր օրերին անհրաժեշտ է համազգային ուժերով ամենուրեք դիմադրել Ադրբեջանի և Թուրքիայի այս հակահայ քաղաքականությանը:
Առ այդ, անհրաժեշտ է.
ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին՝ պահանջելով` չանտեսել Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականությունն ու քայլերը։
բ) Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ բողոքի տարաբնույթ գործողություններով` քաղաքական շրջանակների և հանրային կարծիքի ուշադրությունը հրավիրել նոր թափ առած հակահայ այս քաղաքականության վրա։
Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմից պահանջում ենք ապահովել թշնամի ուժերի` իրենց ելման կետեր վերադարձը և խաղաղության պահպանումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կանգնած է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողքին և պատրաստ է հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու նրան` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու պատասխանատվության իրականացման գործում:
Ադրբեջան-Թուրքիա դաշինքի այս հակահայ քաղաքականությունը չի կարող մնալ առանց արձագանքի. այս քաղաքականության հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու են այդ երկու պետությունները։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՐՈ
25 Մարտ 2022
(Արեւմտահայերեն տարբերակը՝ ստորեւ)
Կը կատարուի այն՝ ինչ կ՚ակնկալուէր. Ազրպէյճանը, օգտուելով Ուկրաինոյ հարցին վրայ աշխարհի ուշադրութեան կեդրոնացումէն, քայլեր կը կատարէ աւարտին հասցնելու իր հակահայ ծրագրերը, որոնք իրականացնելու նորագոյն հանգրուանը սկսաւ 2020 թուականի 44-օրեայ պատերազմով։
Միաժամանակ, վերջին ամիսներուն նկատելի էին 2020 թուականի Նոյեմբեր 9/10-ի եռակողմ յայտարարութեամբ Արցախի մէջ տեղակայուած ռուսական խաղաղապահ ուժերու առաքելութեան խոչընդոտող գործողութիւններ Ազրպէյճանի ռազմաքաղաքական ղեկավարութեան կողմէ:
Արտասովոր ցուրտ եղանակի այս օրերուն Արցախի գազատամատակարարման խափանումով եւ Փառուխ գիւղ ու յարակից տարածքներ ներխուժումով Ազրպէյճան կը հետապնդէ Արցախը հայաթափելու իր անթաքոյց ծրագիրը։
Այս ծանր օրերուն, անհրաժեշտ է ամէնուրեք համազգային ուժերով դիմադրել Ազրպէյճանի եւ Թուրքիոյ այս հակահայ քաղաքականութեան։
Առ այդ, անհրաժեշտ է.
ա) Դիմել ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի անդամներուն եւ ԵԱՀԿ Մինսկի խումբի համանախագահող պետութիւններուն՝ պահանջելով որ չանտեսեն Արցախի եւ Հայաստանի Հանրապետութեան դէմ Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ քաղաքականութիւնն ու քայլերը։
բ) Ազրպէյճանի եւ Թուրքիոյ դէմ բողոքի տարաբնոյթ գործողութիւններով՝ հրաւիրել քաղաքական շրջանակներու եւ հանրային կարծիքի ուշադրութիւնը նոր թափ առած հակահայ այս քաղաքականութեան վրայ։
Արցախի մէջ տեղակայուած Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմէն կը պահանջենք ապահովել թշնամի ուժերու իրենց ելման կէտեր վերադարձը եւ խաղաղութեան պահպանումը։
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կանգնած է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կողքին եւ պատրաստ է անոր աջակցելու հնարաւոր բոլոր միջոցներով, որպէսզի Պաշտպանութեան բանակը կարենայ իրականացնել՝ Արցախի ժողովուրդի անվտանգութիւնը ապահովելու իր պատասխանատուութիւնը։
Ազրպէյճան-Թուրքիա դաշինքի հակահայ այս քաղաքականութիւնը չի կրնար մնալ առանց արձագանգի. այս քաղաքականութեան հետեւանքներու ամբողջ պատասխանատուութիւնը կրելու են այդ երկու պետութիւնները։
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ԲԻՒՐՕ
25 Մարտ 2022