կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-16 20:30
Հասարակություն

Սրբացված երկիր են հանձնում մեր աչքի առջև. մարտակերտցի ուսուցչուհի

Սրբացված երկիր են հանձնում մեր աչքի առջև. մարտակերտցի ուսուցչուհի
 
Ինչու՞ է գոհ մնացել մեր «հարևան» երկիրը իրենց հարցերին հայաստանյան իշխանությունների տված պատասխանով։ Չեմ զարմանում վերջիններիս վարած քաղաքականությամբ, բայց լսում եմ խելացի վերլուծություններ, ըստ որոնց` «մերոնք» այդ պատասխանով հասկացրել են նրանց, որ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։
 
Սրբացված երկիր են հանձնում մեր աչքի առջև քողարկված խարդավանքներով, թշնամու սրտի ցանկությունն է ի կատար ածվում ոչ հայերի թեթև ձեռքով, արցախցին, երբ այս օրերին թշնամու սանդրանքներին է դիմակայում, նրա թիկունքում իր ապրելու թե չապրելու խնդիրն է քննարկվում` հօգուտ թշնամու։
 
Չգիտեմ` նրանք ինչ ծագում ունեն, որ արցախցիների փոխարեն Արցախի հարց են լուծում, բայց կանգնած եմ ճշմարտության առջև, որ հանուն «փրկության» Արցախն անջատողները իրավունք չունեն մեր թշնամուն Արցախ հանձնելու։
 
Նայում եմ երկնքին, չգիտեմ` Աստծու՞ն եմ փնտրում, թե՞ խաղաղ երկինք եմ երազում, բայց ուզում եմ հարցնել Վերին բարձրյալին, թե ինչու հայի երկու տեսակ ստեղծեց, որ նրանցից մեկը` հակառակ մյուսի, ընդունակ լինի հայրենիք կործանելու։
 
Հ.Գ. Սկսվել են Արցախի գազատարի վերանորոգման աշխատանքները։ Ենթադրվում է, որ Հայաստանի պատասխանից ադրբեջանական իշխանությունների գոհության արդյունքում են համաձայնվել վերականգնել գազատարը։
 
Նատաշա Պողոսյան
 
Մարտակերտի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի