կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 13:18
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք ունենք մտահոգություն, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է փաստաթուղթ․ Իշխան Սաղաթելյան

Ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավորությունը դիմադրության շարժում կազմակերպելն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։

«Այն ունենալու է երկու ճակատ՝ դիմադրություն արտաքին թշնամիներին և դիմադրություն օրվա իշխանություններին, որոնք սպասարկում են արտաքին ուժերի շահերը և չեն սպասարկում հայ ժողովրդի շահերը, և չեն կատարում Սահմանադրությամբ իրենց վերապահված գլխավոր խնդիրը՝ ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Տարբեր ուժերի և անհատների այս գաղափարը ներկայացրել են․ այն ամբողջովին ընկալվում է, բայց խնդիրը մարտավարական քայլերի մեջ է։

Արտգործնախարարի հետ փակ հանդիպմանը քննարկվե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր փաստաթղթի ստորագրման հնարավորությունը․ այս մասին հարցին ի պատասխան Սաղաթելյանն ասաց՝ փակ հանդիպումները նրա համար են, որ բաց հարթակներում չխոսեն, բայց կոնկրետ փաստաթուղթ ստորագրելու հետ կապված քննարկում չի եղել, և այդ մասին չի խոսվել:

«Մենք ունենք այդ մտահոգությունը, որ նաև Թուրքիայի հետ քննարկվում է փաստաթուղթ, որովհետև ամեն անգամ հավաքվում՝ ինչի՞ց են խոսում: Եթե խոսքը Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, դա ընդամենը մեկ նոտայով, մեկ քայլով կարելի է անել, բայց եթե շարունակ բանակցություններ են ընթանում, ենթադրվում է, որ կա փաստաթուղթ, որը երկու կողմերի միջև համաձայնեցվում է»,-ասաց նա:

Իշխանությունը հերթական անգամ ժողովրդի թիկունքում նոր դավադրություն է պատրաստում՝ վստահ է Սաղաթելյանը:

«Էն հայտարարությունները, որ հնչել են Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից՝ այս համատեքստում ցանկացած փաստաթուղթ լինելու է ոչ թե հաշտության պայմանագիր, այլ նոր կապիտուլյացիայի փաստաթուղթ, և դժբախտությունն այն է, որ օրվա իշխանությունը խաղաղության դարաշրջան բացելու լոզունգի տակ մեր ժողովրդի և երկրի համար բացելու է նոր քաոսի ու դժոխքի, կորուստների դարաշրջան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա վերահաստատեց, որ դեմ չեն խաղաղությանը, բոլորի նպատակն է՝ հասնել խաղաղության, բայց եթե այդ խաղաղությունը լինելու է հայրենազրկման գնով, դա այլևս խաղաղություն չէ, դա նոր ու վերջնական կապիտուլյացիա կլինի մեզ համար:

Մանրամասն՝ տեսանյութում․