կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-22 18:14
Քաղաքական

Իշխանությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր փաստաթուղթ է քննարկում. Իշխան Սաղաթելյան

Մենք դեռ ամիսներ առաջ հայտարարում էինք, որ այս իշխանությունները երկիրը տանելու են թուրքացման ճանապարհով։ Դա ենթադրում է Թուրքիայից կախյալ պետություն՝ տնտեսական, անվտանգային եւ բոլոր իմաստներով: Այս մասին այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենք ամեն ինչ անելու են՝ դա կանխելու համար:

«Սա լոկ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիր չէ, սա ուրացում է Հայոց ցեղասպանության, մեր անժամանցելի իրավունքների, եւ, առհասարակ, այն, ինչ կատարվում է, չի բխում հայ ժողովրդի ու Հայաստանի շահերից»,- ասաց նա:

Սաղաթելյանի խոսքով՝ Ադրբեջանը և Թուրքիան երբեք չեն կարող ազնիվ լինել իրենց մղումներում, որովհետև իրենք շատ բացահայտ օկուպացված Շուշիում ստորագրված հռչակագրով հաստատեցին, որ ցանկանում են մեր պետության վերացումը։

«Օրվա իշխանությունները դա չեն հասկանում և երկիրը տանում են դեպի անդունդ։ Ինչ վերաբերում է բուն բանակցություններին, ասեմ ավելին՝ նրանք փաստաթուղթ են քննարկում, հակառակ պարագայում՝ ամեն անգամ հավաքվում, ի՞նչ են անում։ Հավանաբար, մշակվում է ինչ–որ փաստաթուղթ, և փորձում են ինչ–ինչ հարցերի շուրջ համաձայնության գալ։

Եթե խոսքը վերաբերում է սահմանների բացմանը և հարաբերությունների կարգավորմանը, դա կարող էին մեկ գրությամբ կարգավորել, բայց պարզ է, չէ՞, որ խոսքն ուրիշ հարցերի մասին է, նախապայմանների մասին է՝ թաքնված կամ բացահայտ։ Այս պարագայում շատ գործողություններ Թուրքիան համաձայնեցնում է Ադրբեջանի հետ»,– ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։