Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգը: Այն իրականություն կդառնա Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:
Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանն է՝ Ավստրալիայից։
Ինչպե՞ս է եղել Ձեր Երաժշտական կարիերայի սկիզբը, խոսեք Ձեր անցած ճանապարհի մասին։
«Երաժշտություն ուսանել եմ 8 տարեկանից՝ ռիթմի և մեղեդու ֆորմալ դասերին։ Տիրապետում եմ սիտար, կիթառ, հարմոնիում, հարվածային (ջազ և այլն), դարբուկա և տաբլա երաժշտական գործիքներին։ Առաջին կիսապրոֆեսիոնալ ելույթը կայացել է 12 տարեկանում և շարունակվում է ավելի քան 50 տարի: 1980-ական թվականներին սիտարի և հնդկական երաժշտության տեսության ինտենսիվ դասընթացներ եմ ունեցել Ջայպուր Գհարանայի (դպրոցի) հնդկական երաժշտության պրոֆեսոր Ուստադ Գուլամ Քադիր Խանի հետ։ Տարիների ընթացքում ներգրավված եմ եղել բազմաթիվ երաժշտական նախագծերի և միջոցառումների մեջ, այդ թվում՝ սիտարի մենահամերգներ, համաշխարհային երաժշտական նախագծեր, ֆիլմերի սաունդթրեքեր, ձայնագրություններ ստուդիաներում և կրթություն։ Ես նաև կոմպոզիտոր եմ․ ունեմ սիտարով ներկայացված հնդկական, հայկական և արևմտյան երաժշտական ժանրերի ձայնագրություններով 10-ից ավելի ալբոմ: Վերջին ալբոմներն են «Ինստրումենտալիզմ», «Արցախ» և «Հայկական սյուիտ»»։
Հայաստանում ի՞նչն էք սիրում։
«Հայաստանն իմ հայրենիքն է, և ես առաջինն եմ իմ ընտանիքում, ով 3 սերունդից հետո վերադարձել է Ավստրալիայից։ Իմ ընտանիքի նախնիները եղել են Ջուղայից, Նախիջևանից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Հետո գնացել են դեպի Նոր Ջուղա, Սպահան, Իրան, որտեղ ծնվել են տատս ու պապս։ Նրանք, ինչպես շատերը Նոր Ջուղայից, գնացին Հնդկաստան։ Հետագայում տեղափոխվել են Ինդոնեզիա, այնուհետև Ավստրալիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թ-ին։
Ինձ այնքան շատ բաներ են դուր գալիս Հայաստանում։ Շատ հյուրընկալ մարդիկ, սնունդը, լեռնային գեղեցիկ բնապատկերները, հինավուրց եկեղեցիներն ու վանքերը, երաժշտությունն ու պարը, արվեստը, մշակույթը։ Երբ 2019 թվականի հունվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, ես զգացի, որ վերջապես վերադարձել եմ տուն»։
Հայկական երաժշտությունն արդյո՞ք ազդել է Ձեր՝ որպես երաժիշտ ձևավորման վրա։
«Այո, միանշանակ։ Օգտագործված մեղեդիական կառուցվածքները, ռիթմիկ ցիկլերը, ելևէջները։ Գործիքներ, որոնք հնչելուն պես անմիջապես դիպչում են իմ սիրտին: Կոմիտասի, Սայաթ Նովայի, Խաչատրյանի և ներկայիս բոլոր հոյակապ գործիքավորողների ու կոմպոզիտորների ստեղծագործությունները»։
Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։
«Շարունակել ջանալ տիրապետել սիտարին և է՛լ ավելի զարգացնել իմ պատկերացումները հայկական և հնդկական երաժշտական համակարգերի մասին: Քանի որ մեծ հորեղբայրս աշուղ էր, երաժիշտ, ով ճամփորդում էր Սպահանից/Նոր Ջուղայից, ես զգում եմ, որ երաժշտությունը խորապես արմատավորված է մեր ընտանիքի արմատներում: Ավստրալիայում մեր մեծ ընտանիքի երիտասարդ սերնդում շատ երաժիշտներ կան:
Հուսով եմ, որ ամեն տարի կգամ Հայաստան՝ շարունակելու ներկայումս հաստատված երաժշտական համագործակցությունները։ Հրաշալի կլիներ հնարավորության դեպքում այս երաժշտական համագործակցությունները աշխարհով մեկ տարածել»։
Ո՞վ է Ձեզ համար օրինակ երաժշտության մեջ։
«Սիտարի դեպքում 20-րդ դարի 3 վարպետները՝ Վիլայատ Խանը, Նիքիլ Բաներջին և իհարկե Ռավի Շանկարը։
Ժամանակից սիտարի վարպետ Շահիդ Պարվեզ Խանը նույնպես ոգեշնչման մեծ աղբյուր է: Ես նաև հիացած եմ ջազի և դասական ժանրի մեծ երաժիշտներով և կոմպոզիտորներով»:
Ո՞րն է Ձեր գործիքի առանձնահատկությունը։
«Սիտարը միջնադարյան ժամանակաշրջանի գործիք է, որը նախագծվել է Ամիր Խուսրոյի կողմից։ Նա վերցրել է պարսկական սետարը, կովկասյան թառը և հնդկական վինան և դրանք միաձուլելով՝ ստեղծել է նոր դիզայն՝ հիմնական նվագող լարերի տակ ռեզոնանսային լարերով։ Բարձրացված կոր մատատախտակով երաժիշտը կարող է ներկայացնել բազմաթիվ տարբեր զարդանախշական տեխնիկաներ՝ մարդկային ձայնն ընդօրինակելու համար։ Նրա ռեզոնանսային թրթռացող ձայներանգը բավականին հիպնոսային է թե՛ նվագողի և թե՛ ունկնդրի համար և հավասարապես հարմար է ինչպես դանդաղ մեդիտատիվ երաժշտության, այնպես էլ շատ արագ մեղեդային կառուցվածքով իմպրովիզացիայի համար։
Սիտարն ինքնահաստատվել է որպես Հյուսիսային Հնդկաստանի` Հինդուստանի դասական երաժշտության նշանավոր գործիք»։
Ի՞նչ կպատմեք առաջիկա համերգի մասին։
«Առաջիկա գալա համերգը Հայաստանում «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հետ մեր համագործակցութության մի մասն է։ Այն կլինի հայկական և հնդկական երաժշտության, երգի և պարի մեծ իրադարձություն։ Ես հանդես կգամ սիտարի մենակատարմամբ, կկատարեմ դուետներ հնդկական դասական վոկալի հետ, մեկ այլ դուետ հայկական բլուլի և համույթի հետ՝ կատարելով իմ «Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային և ավանդական հարվածային գործիքներով»։