կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-20 12:34
Հասարակություն

Եթե չի մարել կամքն ու վճռականությունը

Եթե չի մարել կամքն ու վճռականությունը

ՀՅ Դաշնակցության Ընդհանուր ժողովը համարվում է կուսակցության կարևորագույն բարձրագույն ժողովը, որտեղ ձևավորվում է ՀՅԴ ուղենիշն ու կամքը առաջիկա քառամյակի համար։ ՀՅԴ Ընդհանուր ժողովին մասնակցում են կուսակցության բոլոր կառույցների պատգամավորներն ու ժողովին հրավիրյալ պատասխանատու և փորձառու կաուսակցականներ։ Ինչպես գիտենք ՀՅԴ-ն միակ համահայկական կառույցն է, որի կազմակերպական ցանցը իր մեջ ընդգրկում է ավելի քան 30 երկրներում առկա հայկական համայնքներ։ Այս առումով Ընդհանուր ժողովը մի բացառիկ հարթակ է, որում պարփակվում է աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայության քաղաքական միտքն ու առօրյան։

Այսպիսով ՀՅԴ Ընդհանուր ժողովը ոչ միայն ներկուսակցական կարևոր իրողություն է այլ նաև հայ քաղաքական մտքի արտահայտման առումով յուրահատուկ կարևորություն ունի։ Հայ իրականության մեջ քաղաքական մտքի կուտակման, վերլուծության և որոշումների ընդունման համահայկական այլ հարթակ առայժմս գոյություն չունի։

Ինչպես արդեն հայտնի է ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի հայտարարության մեջ կայացրած որոշումների և ռազմավարական ուղղությունների առանցքային բաժիններից մեկը եղել է Արցախը։ Արցախյան 44-օրյա աղետալի և կորստաբեր պատերազմը անկյունադարձային նշանակություն է ունեցել ոչ միայն Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար այլ նաև համայն հայության տեսլականների ու իղձերի նկատմամբ՝ ստեղծելով հուսալքության , անճարակության մթնոլորտ։

ՀՅԴ-ն ավելի քան 130 տարի լինելով ազգային ազատագրական պայքարի դրոշակակիր չի կարող անտարբեր լինել Արցախում և Հայաստանում տիրող կացության նկատմամբ։ Արցախն այսօր մարմնավորում է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը։

ՀՅԴ-ի համոզմամբ Արցախի հարցի այսօրվա կարևորագույն ուղղությունը պետք է դառնա ժողովդին իր հողի վրա պահելու ուղղությամբ տարվող ջանքերն ու գործնական քայլերը։ Այս առումով Դաշնակցոււթյունն իր ներուժը ի գործ է դնելու ապահովելու համար ներդրումներ և նոր մոտեցումներ Արցախում կենցաղային հարցերը լուծելու, կայունություն ու զարգացում ապահովելու և ժողովրդի կենսամակարդակը բարձրացնելու համար։

Մյուս կողմիս ՀՅԴ Հայ դատի գրասենյակները առավել շեշտակի թափով միջազգային քաղաքական ասպարեզում արթուն դրոշակակիրն է լինելու Արցախյան հարցի։

Կեղծ խաղաղության և հաշտության կոչերը վաղ թե ուշապացուցելու են իրենց սնանկությունը, իսկ մինչ այդ ՀՅԴ-ն իր համաշխարհային կառույցով հանդերձ համոզված է, որ հայ ժողովրդի անժամանցելի իրավունքները սակարկության առարկա չեն կարող դառնալ։ Այդ իրավունքները չեն կարող զիջվել կեղծ խաղաղության և հաշտության շղարշով պատված գերպետական դավադիր պայմանավորվածություններին։

Եվ, ի վերջո, Դաշնակցությունը համոզված է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների հեռացումը հայ ժողովրդի ազգային ուժերի միասնական առաջնահերթ օրակարգը պետք է դառնա։ Ապազգային քաղաքականություն վարող ՀՀ իշխանությունները պատուհաս են և նրանցից օր առաջ ազատումը կանգնեցնելու է նոր աղետների շարանը։

Այս համոզումներն իմի են բերվել իննօրյա կարծիքների բախման և գաղափարների բյուրեղացման արդյունքում։ Իրենց մեջ պարունակում են աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայ համայնքի շունչը և, անկասկած, կիրագործվեն, եթե ազգային մտածողություն ունեցող հայ մարդու մեջ դեռևս չի մարել կամքն ու վճռականությունը։


«Ապառաժ»-ի խմբագրական,

17 մարտի, 2022թ.